Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի Սահմանադրական դատարանը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղավոր է ճանաչել Սահմանադրությունը խախտելու մեջ, ինչը իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը թույլ կտա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանում քվեարկություն անցկացնել նախագահի իմպիչմենտի հարցով։
Դատարանը վճռել է, որ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին պաշտոնական այցեր կատարելով արտերկիր, այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել էր նման այցեր կատարելու պաշտոնական թույլատրություն տալ նրան։ Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավան երկուշաբթի հայտարարել է, որ որոշումը չի կարող բողոքարկվել կամ վերանայվել։
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի հարցով վերջնական քվեարկությունը խորհրդարանում կանցկացվի այս շաբաթ։
«2020-ին վրաց ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների մեծամասնությունը կհաստատի, որ Սալոմե Զուրաբիշվիլին այլևս արժանի չէ զբաղեցնելու Վրաստանի նախագահի բարձր պաշտոնը»,- հայտարարել է Կոբախիձեն։
Դատավճիռը իշխող կուսակցությանը հնարավորություն է տալիս շարունակել Զուրաբիշվիլիի դեմ իմպիչմենտի գործընթացը, որի վերջին փուլը խորհրդարանական քվեարկությունն է։ Նախագահի իմպիչմենտին 150 պատգամավորից պետք է կողմ քվեարկի 100-ը, որպեսզի միջնորդությունն ընդունվի, սակայն իշխող կուսակցությունը դժվար թե նման աջակցություն ստանա՝ հաշվի առնելով ընդդիմության հայտարարությունը, որ իրենք չեն աջակցի նախագահի իմպիչմենտին:
Թեև իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան դեմքերը խոստովանել են, թե քիչ հավանական է, որ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայներ ստանան, կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերին պնդել էր, թե կարևոր է այս գործընթացը մինչև վերջ տանել՝ հանուն օրենքի գերակայության, նաև, որպեսզի «բացահայտվի ընդհանուր օրակարգը», որը ենթադրաբար կիսում են Վրաստանի նախագահը և ընդդիմությունը։ Կոբախիձեն ակնհայտորեն նկատի է ունեցել այն, որ խորհրդարանում սպասվող քվեարկությունը կձախողվի։
Երկուշաբթի ունեցած ելույթի ժամանակ Կոբախիձեն հայտարարել է, որ «գործնականում ոչ մի հնարավորություն» չկա նախագահին իմպիչմենտի ենթարկելու նպատակով անհրաժեշտ 100 ձայն հավաքելու համար՝ պնդելով, որ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով այն ենթադրությունը, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը չի աջակցի իր նկատմամբ իմպիչմենտի գործընթացին։
«Ինչպես էլ ավարտվի իմպիչմենտի ընթացակարգը, մենք արդեն հասել ենք այն նպատակին, որը դրված էր. Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Վրաստանի Սահմանադրության խախտումն անպատասխան չմնաց»,- ասել է Կոբախիձեն։
Զուրաբիշվիլիի փաստաբաններից Մայա Կոպալեիշվիլին IPN-ին ասել է, որ «Սահմանադրական դատարանն իսկապես չունի ո՛չ իրավական, ո՛չ փաստացի հիմքեր՝ հաստատելու նախագահի կողմից Սահմանադրության խախտումը»։
«Եթե դատարանը գործեր արդար պայմաններում [...] այս որոշումը չպետք է կայացվեր»,- պնդել է նա:
Ըստ Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի՝ գործին մասնակցած ինը դատավորներից երեքը չեն եկել եզրակացության, որ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, թեև հրապարակայնորեն չի նշվում՝ նրանք դե՞մ են քվեարկել, թե՞ հրաժարվել են իրենց արած եզրակացություններից։
Ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ՝ Թուրավան հայտարարել է, որ դատարանը ճնշումների չի ենթարկվել, և եթե նման բան լիներ, ապա հրապարակավ կհայտարարեր այդ մասին։
«Որևէ ճնշում չի եղել,- հայտարարել է Թուրավան,- Մեզ որևէ ճնշում պետք չէ, նույնիսկ առանց ճնշման մենք գիտենք, թե ինչպիսի որոշում պետք է կայացնենք»։
Տարաձայնություններ պաշտոնական այցերի և Եվրոպայի հետ հարաբերությունների շուրջ
Զուրաբիշվիլիի դեմ իմպիչմենտի գործընթացն սկսվել է այն բանից հետո, երբ նա պաշտոնական մի շարք այցեր կատարեց՝ հանդիպելու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, չնայած, որ իրեն թույլ չէին տվել դա անել:
Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածը սահմանում է, որ նախագահը կարող է ներկայացուցչական լիազորություններ իրականացնել արտաքին հարաբերություններում միայն կառավարության համաձայնությամբ։
Ի հեճուկս կառավարության մերժման՝ Զուրաբիշվիլին սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում հանդիպել է եվրոպացի մի շարք առաջնորդների և պաշտպանել ԵՄ անդամակցությանը Վրաստանի թեկնածությունը:

Վրաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ ԵՄ-ն որոշում կկայացնի նոյեմբերին։ 2022-ի հունիսին Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Վրաստանի դիմումը մերժվեց, փոխարենը ԵՄ-ն Վրաստանին ներկայացրեց 12 պայման, որոնք պետք է կատարվեն նախքան երկրի դիմումի վերանայումը:
Պայմաններից երկուսը վերաբերում են «քաղաքական բևեռացման խնդրի կարգավորմանը» և «լիովին անկախ, հաշվետու և անաչառ դատական համակարգի ապահովմանը»:
Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացն սկսվել է սեպտեմբերի 1-ին, երբ Կոբախիձեն նախաձեռնեց կառավարության համապատասխան ընթացակարգը, ապա հայտարարեց, որ բողոք կներկայացվի Սահմանադրական դատարան։
Դատավարությունն սկսվել է հոկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարանում (գտնվում է Բաթումիում), սակայն նախագահը չի մասնակցել նիստին: Կոբախիձեն, որը սահմանադրական իրավունքի մասնագետ է, մեղադրող կողմի փաստաբաններից մեկն է եղել։
Նախագահին պաշտպանել են «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ Թամար Չուգոշվիլին և նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլին։
Ընդդիմության մի շարք առաջատար գործիչներ դատապարտել են Սահմանադրական դատարանի որոշումը դրա հրապարակվելուց անմիջապես հետո:
Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունից Բադրի Ջափարիձեն հայտարարել է, որ որոշումը «ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սահմանադրական դատարանը կուրորեն կատարում է «Վրացական երազանք»-ի կամքը։
Խորհրդարանական «Միացյալ ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր խմբակցության նախագահ Թինա Բոկուչավան հայտարարել է, որ «Իվանիշվիլիի կողմից իմպիչմենտի տեսքով կազմակերպված քաղաքական կրկեսը վնասում է մեր երկրին, երկրի ազգային շահերին և եվրաինտեգրման գործընթացին»։ Բոկուչավան նկատի է ունեցել նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, որին հաճախ անվանում են Վրաստանի «ոչ պաշտոնական կառավարիչ»:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն ասել է, որ խորհրդարանը պարտավոր չէ իմպիչմենտի ենթարկել նախագահին դատարանի որոշման հիման վրա, և դեռ կարող է դեմ քվեարկել նրա հեռացմանը։
Այնուամենայնիվ, նա բացատրել է, որ եթե խորհրդարանը կողմ քվեարկի Զուրաբիշվիլիի իմպիչմենտին, նոր նախագահը կընտրվի 45 օրվա ընթացքում: Թեև Զուրաբիշվիլին ընտրվել է հանրային ընտրությունների միջոցով, 2018-ին օրենքի փոփոխությունը նշանակում է, որ հաջորդ նախագահին կընտրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հաստատված ընտրական կոլեգիան, որը բաղկացած է 300 մարդուց, ներառյալ բոլոր պատգամավորները։
Հունիսին իշխող կուսակցությունն ընդունել է փոփոխություններ, որոնք ավելի շատ լիազորություններ են տալիս խորհրդարանին և խորհրդարանի նախագահին ԿԸՀ-ի կազմը որոշելու հարցում: Այդ փոփոխություններով ներդրվել է համակարգ, որը խորհրդարանի նախագահին թույլ է տալիս առաջադրել ԿԸՀ-ի բոլոր թեկնածուներին՝ հիմնվելով առանձին հանձնաժողովի կողմից ներկայացված թեկնածուների կարճ ցուցակի վրա և այդպիսով Վրաստանի նախագահին զրկում է թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից:
Civilnet











