Գլխավոր Լրահոս

Արցախցիներին պետք է ինտեգրել Հայաստանի աշխատաշուկայում. ԿԲ նախագահ

Արցախցիներին պետք է ինտեգրել Հայաստանի աշխատաշուկայում. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհուրդ է տալիս ինտեգրել տեղահանված արցախցիներին Հայաստանի աշխատաշուկայում, հակառակ պարագայում նրանց ուղղված օժանդակության ծրագրերը կարող են խթանել գնաճը:

Նրա խոսքով՝ Հայաստանում պահանջարկի ընդլայնմանը նպաստելու են նաև Արցախից տեղահանվածներին օժանդակելու նպատակով ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը: 100 հազարից ավել բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման և Հայաստանի աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցը, նրա խոսքով, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ազդեցություն ունի դրամավարկային քաղաքականության և գնաճի վրա:

«Կարճաժամկետ հեռանկարում, բնականաբար, կառավարությունն աջակցում է արցախցիներին տարբեր ծրագրերով՝ 100 hազար դրամներ, 40 հազար գումարած 10 հազար դրամներ, և դա շարունակվելու է: Այն նպաստելու է կարճաժամկետ հատվածում ներքին պահանջարկի ավելացմանը»,- ասաց Գալստյանը հոկտեմբերի 31-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: 

Օժանդակության ծրագրերին զուգահեռ նա կարևորում է աշխատաշուկայում արցախցիների ինտեգրումը, հակառակ պարագայում կառավարության ծախսերը միայն խթանելու են գնաճը: 

«Եթե մենք չկարողանանք ներքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ ստեղծել պայմաններ տեղահանված արցախցիների՝ Հայաստանի աշխատաշուկայում ինտեգրվելու համար, կստացվի, որ առաջարկի տեսանկյունից կունենանք անփոփոխ և սահմանափակ վիճակ: Այսինքն՝ պոտենցիալ ՀՆԱ-ի վրա ազդեցությունը կլինի սահմանափակ: Դրա փոխարեն պահանջարկը կընդլայնվի, ինչը կարող է հանգեցնել որոշակի գնաճային երևույթների», - ասաց Գալստյանը:

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում