Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել։
«Աշխատանքային այցով Իրանում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ»,- ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին․ «Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման»։
Civilnet











