Այսքան մոտ և այսքան հեռու
Երեկ, երբ Հայաստանի խորհրդարանում իշխող կոալիցիան քվեարկության միջոցով որոշեց բավարարել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին «փողերի լվացման» հատկանիշներով որպես մեղադրյալ գործում ներգրավելու մասին, ճիշտ նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում տեղի ունեցավ շատ խորհրդանշական իրադարձություն. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր կուսակցության պարտությունը և հայտարարեց, որ հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը:
Ստացվում է, որ երբ Հայաստանի իշխանությունները խորհրդային հայտնի դատախազ Վիշինսկու մեթոդներով պայքարում էին իրենց ընդդիմախոսների դեմ, Վրաստանի իշխանությունները պետական շահի խոր գիտակցումով, Հարավային Կովկասի պետությունների պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցում են ընդդիմությանը: Սաակաշվիլիի այս քայլը անկյունաքարային նշանակություն կունենա Վրաստանի ապագայի համար: Վարդերի հեղափոխության առաջնորդը միայն այս քայլով ապացուցեց, որ հենց այնպես չի խոսել ժողովրդավարական արժեքների ներդրման և ամրապնդման մասին:
Շատ լուրջ երևակայություն ունենալու դեպքում նույնիսկ շատ դժվար կլինի պատկերացնել, որ Հայաստանի գործող իշխանությունները, առաջնորդվելով պետական շահով, երբևէ հայտարարեն, որ իրենք պարտություն են կրել ընտրություններում և իշխանությունը փոխանցում են ընդդիմությանը: Սրա համար անհրաժեշտ կլինեն լուրջ քաղաքական կամք և մարդկային համապատասխան որակներ, սակայն մինչև այս պահը գործող իշխանությունը դեռևս նման հատկանիշներ չի դրսևորել, ընդհակառակը:
Յուրաքանչյուր երկրում իշխանությունների որակական հատկանիշները շատ դեպքերում կարող են ուղենշել տվյալ պետության ապագան, որոշ դեպքերում՝ այդ ապագան խոստումնալից և հուսադրող է լինում, որոշ դեպքերում՝ խիստ մռայլ և անկանխատեսելի: Սակայն այս գործում իր հստակ դերն ունի նաև հասարակությունը, որը կարող է անհրաժեշտ պահին թելադրել իր կամքը՝ անկախ օրվա իշխանությունների ցանկությունից:
Բիձինա Իվանիշվիլին և Վրաստանի հասարակությունն ապացուցեցին, որ այդ բանաձևը կյանքի կոչելու համար պետք է ընդամենը վճռականություն ունենալ:
Civilnet










