Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը մտածողություն փոխող չէ, այլ կուսակցություն փոխող

Այս սյունակը գրելուց առաջ ես իմ պահոցից հանեցի ու վերընթերցեցի այն հոդվածը, որ գրել էի 2003թ. նոյեմբերի 22-ի երեկոյան (Թբիլիսիի իմ ժամանակավոր բնակարանում), երբ Վրաստանում եկավ Էդուարդ Շևարդնաձեի դարաշրջանի մայրամուտը: «Վրաց ժողովուրդը ցնծության մեջ է։ Քչերին է հետաքրքրում, որ Աբխազիան և Հարավային Օսիան փաստացի անկախ են։ Նրանք այսօր երջանիկ են, որ այլևս չկա Շևարդնաձեն։ Քչերին է հետաքրքրում, թե դրսի ուժերից հատկապես ո՞վ օժանդակեց Շևարդնաձեի տապալմանը, ի՞նչ դիրք է գրավելու Ռուսաստանը և բազում այլ հարցեր։ Թերևս այս հարցերին պատասխանելու ժամանակներն էլ կգան»,- այսպես էի ավարտել իմ հոդվածը:

Մոտ մեկ շաբաթ Վրաստանում անցկացնելուց և խորհրդարանական ընտրությունները լուսաբանելուց հետո ես հիմա Երևանում գրում եմ հոդված «վրացական դասերի» մասին և վստահաբար կարող եմ վերևի մեջբերումը կրկնել՝ պարզապես փոխելով անուն ազգանուն: Այո, 2012թ. հոկտեմբերի 1-ի կեսգիշերին վրաց ժողովուրդը կրկին ցնծության մեջ էր: Այն էներգետիկան, որ կար Ռուսթավելու պողոտայում և Թավիսուփլեբա՝ Ազատության հրապարակում, բառերով աննկարագրելի են:

Վրաստանում, փաստորեն, տեղի է ունենում իշխանափոխություն սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով: Թե ինչ է տալու «Վրացական երազանքը» Վրաստանին ու նրա քաղաքացիներին, ժամանակն է միայն ցույց տալու: Բայց կարևոր է, որ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա «Ազգային միացյալ շարժումը» չեն վերարտադրվում: Նախագահ Սաակաշվիլիի նախագահության ութ տարիների ընթացքում, եթե կարճ գրենք, Վրաստանը գրանցեց թռիչքային առաջընթաց: Վրաստանը, կարելի է ասել, հետխորհրդային տարածքի պետություններից (բացառությամբ բալթյան երկրների) միակն ու առաջինն է, որ հրաժարվեց Խորհրդային Միության գրեթե բոլոր հոռի բարքերից: Եվ ահա սա է Սաակաշվիլիի նախագահության տարիների ամենաարժեքավոր ու շոշափելի նվաճումը: Վրաստանում մտածողություն է փոխվել:

Հայաստանում մտածողություն չի փոխվում, քանի որ իշխանությունները վերարտադրվում են: Ինչպե՞ս և ո՞վ պիտի փոխի այդ մտածողությունը: Հայաստանի նախագահ (իմ կարծիքով՝ չընտրված) Սերժ Սարգսյա՞նը, ով կոմունիստների ժամանակ կոմունիստ էր, ՀՀՇ-ի ժամանակ՝ ՀՀՇ-ական, իսկ Հանրապետականների ժամանակ՝ ՀՀԿ-ական: Սերժ Սարգսյանը մտածողություն փոխող չէ, այլ՝ կուսակցություն փոխող: Ավելին, նա ու նրա նժդեհական թիմն իր մտածելակերպով, և որ ամենավտանգավորն է հայկական պետականության համար՝ իր գործելակերպով, խորհրդային ժամանակների մարմնավորողն է: Իմ ու հարյուր հազարավոր հայաստանցիների համար, ուրեմն, չկա հայկական երազանք:

Է՞լ ինչ է փոխվել Վրաստանում:

Վրաստանի իշխանությունները չգնացին ընտրակեղծքիների: Սաակաշվիլին ու նրա կուսակցությունը ութ տարիների ընթացքում «խելքի բերեցին» «ձախողված պետության» պիտակը կրող Վրաստանը: Հաջողությունները ակնհայտ էին անգամ վրացատյացների համար: Բայց, այսօր, պարզվում է, որ վրաց ժողովուրդը ավելին է պահանջում, քան կարող է տալ Սաակաշվիլին և այդ պատճառով ընտրում է Բիձինա Իվանիշվիլուն (գուցե նրա միլիարդները) և «Վրացական երազանք»-ին: Այո, ընտրում է:

Մենք Հայաստանում ընտրություն չունենք: Օրինակ, Սերժ և Տիգրան Սարգսյանները Հայաստանը տնտեսապես հետ են շպրտել 13 տարի, բայց նրանց կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում փառահեղ (պաշտոնապես) հաղթանակ է տանում: Ընդ որում, այդ փառահեղ հաղթանակը հատկապես գրանցվում է Հայաստանի այն վայրերում, որտեղ ժողովուրդը ավելի շատ է հարստահարվում ու որտեղ ժողովուրդը ամենավատն է ապրում: 

Անշուշտ, Վրաստանի ու Հայաստանի միջև էլի շատ տարբերություններ կան, բայց ուզում եմ երրորդը նշելով սահմանափակել ու վերջացնել այս սյունակը: Սաակաշվիլին ընդունեց իր ու իր թիմի պարտությունը և հայտարարեց, որ դառնում է ընդդիմություն: Դո´ւ, հարգելի ընթեցող, պատկերացն՞ում ես Սերժ կամ Տիգրան Սարգսյանին ընդդիմություն: Նրանք երբեք չեն դառնա ընդդիմություն: Նրանք կփոխեն ևս երեք կուսակցություն, բայց չեն դառնա ընդդիմություն: Այն օրը, երբ նրանք դառնան ընդդիմություն, ես թունելի վերջում լույս կտեսնեմ ու կգրեմ հոդված «Հայկական երազանք» վերնագրով:  

 

 

 

 

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում