Հավանական ռազմական ագրեսիայից պաշտպանվելու համար նախատեսված թաքստոցները պետք է կարգի բերեն համատիրությունները, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս գործառույթը չի իրականացվում, և համայնքային իշխանությունն է փորձում բացերը լրացնել՝ կարգի բերելով շենքերի նկուղները, որոնք նման իրավիճակներում ծառայելու են որպես թաքստոցներ։
Կառավարության որոշման համաձայն՝ պաշտպանական կառույցները երեք տեսակի են՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Երևանի շենքերի նկուղները ոչ թե ապաստարաններ են, այլ պարզագույն թաքստոցներ։ Թեև բնակչությունը դրանց ապաստարան է անվանում, սակայն ապաստարանը հատուկ կառույց է, որտեղ բնակչությունը կարող է երկար պատսպարվել։ Հայաստանի հինգ խոշոր բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում, ապաստարանները նախատեսված են ոչ թե բնակչության պատսպարման համար, այլ այն մարմինների ներկայացուցիչների, որոնք պետք է իրականացնեն մնացած բնակչության կենսաապահովումը։ Բնակչությունը պատսպարվում է պարզագույն թաքստոցներում, մետրոպոլիտենի կայարաններում, խորացված այլ տարածքներում, օրինակ՝ ավտոկայանատեղիներում։
«Մի քանի շրջանի նկուղներ, որոնք համապատասխանում են նորմերին, մաքրվել են։ Մաքրվել են նաև ստանդարտներին համապատասխանող բոլոր դպրոցների ու մանկապարտեզների նկուղները և բերվել են պատրաստ վիճակի։ Այստեղ այլ խնդիր ունենք՝ բնակչությունը մեր մաքրելուց հետո նորից աղտոտում է, նկուղ է իջեցնում անպիտան իրեր, որոնք երբեք չեն օգտագործվում»,- ասում է Հարությունյանը։
Նա նաև հիշեցնում է, որ կառավարության նույն որոշմամբ՝ այդ թաքստոցների քառասուն տոկոսը կարելի է օգտագործել տնտեսական նպատակներով։
«Սա արվում է այն նպատակով, որ թաքստոցները պահվեն աշխատանքային վիճակում։ Իհարկե, պայման կա, որ կոնստրուկցիաները չեն ձևափոխվում։ Բացի այդ, եթե այդ տարածք պետք է այնպիսի իրեր տեղափոխվեն, որ հնարավոր լինի վեց ժամվա ընթացքում հանել և մարդկանց պատսպարել»,- նշում է քաղաքապետարանի պաշտոնյան։
Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք բազմաբնակարան շենքերի տարածքում փակցնում են պատսպարման վայրերի գտնվելու մասին տվյալները։
«Իհարկե, մենք ունենք տեղեր, որ չենք կարող ապահովել այդ վայրերը։ Տվյալ դեպքում բնակիչը պետք է պատսպարվի 500 մետր շառավղով ապահով մի վայրում։ Եթե դա էլ չկա, ապա պատսպարման վայր է համարվում շենքի առաջին հարկը, որոնք առավել պաշտպանված են, որոնք չունեն պատուհաններ, անցողիկ չեն և այլն»,- ամփոփեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․
https://www.youtube.com/watch?v=ISrbcWn79Jc&t=20s
Civilnet











