Բժշկական օգնության ամբողջ ծավալը, որը նախատեսված է Հայաստանի համայնքների բնակիչների համար, հասանելի է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Այդ մասին Ազգային ժողովում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Այդ օգնությունն ընդգրկում է առողջության առաջնային պահպանման օղակում բլոր բժշկական ծառայությունները, դեղերը, որոնք հասանելի են այդ օղակում, ինչպես նաև հիվանդանոցային բուժօգնությունը»,- շեշտեց փոխնախարարը։
Նա նաև խոսեց բուժաշխատողների կրթական գործընթացներից, ասաց, որ մի շարք միջոցառումներ են ներկայում իրականացնում։ Նախ գրանցում են բոլոր բուժաշխատողներին, չնայած տեղյակ են, որ ԼՂ-ում աշխատել են մոտ 1 500 ավագ և միջին բուժաշխատող։
«Մենք իրականացնում ենք նրանց գրանցում, որի ընթացքում վեր ենք հանում նրանց բոլոր կրթական կարիքները»,- ընդգծեց Նանուշյանը։
Նա խորհրդարանին էր երկրորդ ընթերցմամբ ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ գերատեսչության՝ փոփոխության անհրաժեշտությունը «պայմանավորված է 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ»:
Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որը հանդիսանում է վերջիններիս համար աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ և ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ, ուստի վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:
Ստեղծված իրավիճակում խնդրին շտապ լուծում տալու նպատակով նախագծով առաջարկվում է օրենքում նախատեսել անցումային դրույթ, որով կթույլատրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ և ստանալ ՇՄԶ հավաստագիր:
Փոխնախարարը հայտնեց, որ մինչև տարեվերջ 1200 ավագ և միջին բուժաշխատողի հնարավորություն ունեն պետության միջոցներով ուղղորդել կրթական հաստատություններ՝ վերապատրաստումներ անցնելու համար։ Միաժամանակ առանձնացրել են մարզերում թափուր աշխատատեղերը։
Civilnet











