British Petroleum-ը ֆինանսավորում է Ադրբեջանի ագրեսիան միլիարդավոր նավթադոլարներով

Նավթային ընկերությունները ֆինանսավորում են Ադրբեջանի ագրեսիվ ռեժիմը՝ հանածո վառելիքից ստացված միլիարդավոր գումարներով
Բրիտանական British Petroleum ընկերությունը (BP) ու իր գործընկերները 2020-ից սկսած՝ 35 միլիարդ դոլար արժողությամբ նավթ և գազ են փոխանցել Ադրբեջանի կառավարությանը։ Գումարը չորս անգամ գերազանցում է այս ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական ծախսերը: Այսպիսի տվյալներ է բերում Global Witness միջազգային կազմակերպությունը, որը պայքարում է բնական ռեսուրսներ արտահանող երկրների կողմի մարդու իրավունքների խախտման դեմ։ Զեկույցում ընդգծվում է «բռնապետության» տնտեսական կախվածությունը բրիտանական ընկերության հանածո վառելիքի գործարքներից։
BP-ն՝ Ադրբեջանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը, շահագործում է և ամենամեծ բաժնետերն է երկրում նավթի և գազի արդյունահանման երկու հսկա նախագծերում, որոնք սկսել է զարգացնել 1990-ականներին: BP-ի ընթացիկ ծրագրային գործընկերներն են Exxon-ը, Equinor-ը և Lukoil-ը:
Կառավարության հետ BP-ի պայմանագրերը պահանջում են, որ ընկերությունը նավթի և գազի մի մասը փոխանցի պետությանը, որի մասնաբաժինը 2020-ի հունվարից մինչև 2022-ի դեկտեմբերը գնահատվել է 34,9 միլիարդ դոլար՝ համաձայն BP-ի ֆինանսական փաստաթղթերի:
Ադրբեջանի պաշտպանական բյուջեն նույն ժամանակահատվածում կազմել է 7,9 մլրդ դոլար, ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների։ 2022-ին Ադրբեջանը ՀՆԱ-ի մասնաբաժնով ռազմական ծախսերի մեծությամբ աշխարհում ութերորդն էր։
Ըստ զեկույցի՝ Արցախի դեմ հարձակման հաջորդ օրը՝ 2023-ի սեպտեմբերի 20-ին, BP-ն բարձր մակարդակի պատվիրակություն է ուղարկել՝ նշելու նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը և վերահաստատելու BP-ի «հանձնառությունը Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերության» Ադրբեջանի հետ։
BP-ն նավթի և գազի արդյունահանումից բաժին է հանում Ադրբեջանի կառավարությանը՝ որպես Ադրբեջանում գործելու պայման։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ միայն 2022-ին կառավարության մասնաբաժինը արտադրության մեջ կազմել է 19,3 միլիարդ դոլար, ինչը ավելին է, քան այդ տարի երկրի պետական բյուջեի ծախսերը՝ 17,6 միլիարդ դոլար:
2021-ի հունիսին BP-ն համաձայնագիր է ստորագրել կառավարության հետ՝ կառուցելու 240 մեգավատտ հզորությամբ արևային կայան Ջաբրայիլում, որը Ադրբեջանը օկուպացրել էր 2020-ի պատերազմում։
Ելույթ ունենալով 2022-ի հունիսին Շուշիում՝ BP-ի տարածաշրջանային նախագահն ասել էր, որ Ադրբեջանի «ազատագրված տարածքները» ունեն «երկրի լավագույն արևային և երկրաջերմային ռեսուրսները»:
ՄԱԿ-ի ուղեցույցները հակամարտությունից տուժած տարածաշրջաններում գործող ընկերություններից ավելի մեծ պատասխանատվություն են պահանջում մարդու իրավունքների պահպանմանը հանձնառու լինելու հարցում: Այնուամենայնիվ, 2023-ի սեպտեմբերին BP-ն մերժեց համաշխարհային բիզնես առաջնորդների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված համատեղ նամակ ստորագրելու խնդրանքը, որում կոչ էր արվում պաշտպանել հակամարտության գոտում գտնվող բոլոր մարդկանց մարդու իրավունքները:
BP-ն իր գործընկերությունն Ադրբեջանի՝ աշխարհի ամենաբռնատիրական և կոռումպացված ռեժիմներից մեկի հետ սկսել էր 1990-ականներին՝ Ադրբեջանի ամենամեծ նավթահանքերից մեկի շահագործման համաձայնագրով, որն անվանվել է «դարի պայմանագիր»:
Արձագանքելով Global Witness-ի հարցմանը՝ Ադրբեջանում իր գործողությունների մասին, BP-ն հայտարարել է, որ «աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հավատարիմ է մնում տարածաշրջանում անվտանգ, հուսալի և ճկուն էներգետիկ բիզնես վարելուն»:
Ոչ Ադրբեջանը, ոչ BP-ն կամ որևէ այլ սուբյեկտ, որի հետ BP-ն զբաղվում է վառելիքի առևտրով, պատժամիջոցների չեն ենթարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
Դոմինիկ Իգլթոնը Global Witness-ից այս առիթով ասել է․ «BP-ի երկարամյա համագործակցությունը Ալիևի «բռնապետության» հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը և ագրեսիան Հայաստանի դեմ։ BP-ն ուրախությամբ շարունակում է հորատումը՝ դասեր չքաղելով Ռուսաստանում իր պատմական սխալից: Սանձարձակ բռնակալներին ֆինանսավորելը միշտ է վատ ռազմավարություն»:
Global Witness-ի այս զեկույցին անդրադարձել է նաև բրիտանական Guardian-ը իր՝ «BP-ի նախագծերը հովանավորել են Ադրբեջանի ռազմական ագրեսիան» վերնագրով հոդվածում։
BP-ն շահագործում է և բաժնետեր է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Azeri-Chirag-Deepwater-Gunashli նավթահանքի 30,37% բաժնեմասի: Մնացած բաժնետերերն են SOCAR (25%), Molgroup (9.57%), INPEX (9.31%), Equinor (7.27%), ExxonMobil (6.79%), TP (5.73%), ITOCHU (3.65%) և ONGC Videsh (2,31%).
BP-ն շահագործում է և Շահ Դենիզ գազային կոնդենսատային հանքավայրում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ունի 29,99% բաժնեմաս: Մնացած բաժնետերերն են՝ Հարավային գազային միջանցքը (21,02%), Lukoil-ը (19,99%), TP-ն (19%) և NYCO-ն (10%):
BP-ն աչք է փակել Ադրբեջանի կոռուպցիայի վրա․ OCCRP
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, 2022 թվականի հունվարի 31-ին գրել էր, հիմնվելով BP-ի ներքին փաստաթղթերի վրա, որ ընկերությունը և SOCAR-ի մեկ այլ դուստր ձեռնարկություն միասին ավելի քան 1,7 միլիարդ դոլար են կորզել «Շահ Դենիզ 2» նախագծից՝ օգտագործելով կեղծ պայմանագրեր:
Ըստ OCCRP-ի՝ BP-ին բազմիցս ահազանգել են նախագծի շրջանակում կոռուպցիայի մեղադրանքների մասին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
Մոտավորապես նույն ժամանակ, պետական ընկերություններից մեկի տնօրենը և նրա կինը Մայամիում 10 միլիոն դոլար արժողությամբ շքեղ գույք են գնել: Հարյուր միլիոնավոր դոլարներ անհետացել են այն ընթացքում, երբ Ադրբեջանը լայնածավալ ճնշում է գործադրել քաղաքացիական հասարակության և անկախ լրագրության դեմ:
Թարգմանեց Զառա Պողոսյանը
Տեղադրություն
Civilnet










