Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական հավելյալ գազի արտահանումը Եվրոպա վտանգված է

Ադրբեջանական հավելյալ գազի արտահանումը Եվրոպա վտանգված է

Եվրամիությունը չունի հավելյալ ադրբեջանական գազ ներկրելու կարիք, նշում է էներգետիկ հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։

Դեռևս 2022 թվականի ամռանը Ադրբեջանն ու Եվրամիությունը դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի ծավալների ավելացման շուրջ համաձայնության էին հասել։ Համաձայնութամբ նախատեսված էր մոտակա տարիների ընթացքում էականորեն ավելացնել ադրբեջանական գազի ծավալները՝ ներկայիս 8-8,5 մլրդ խորանարդ մետր ծավալից հասցնելով շուրջ 20 միլիարդի։ 

Ներկայում Ադրբեջանը Եվրոպա գազ է արտահանում Վրաստանի ու Թուրքիայի տարածքով՝ օգտագործելով Հարավային գազային միջանցքը։ Ադրբեջանական գազը, անցնելով Հարավկովկասյան և Տրանսանատոլիական (TANAP) անվանումներով հայտնի  գազամուղերով, շարունակում է իր ընթացքը Թուրքիան Եվրոպային կապող Տրանսադրիատիկ գազամուղի՝ TAP-ի միջոցով, որի թողունակությունը կազմում է 10 մլրդ խորանարդ մետր։ Սակայն, ըստ Թերզյանի, ադրբեջանական գազի ծավալների մեծացման հեռանկարը խիստ վտանգված է, քանզի 2022-ի ամռանը կնքված համաձայնությունից ի վեր տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք հարցականի տակ են դնում ոչ միայն ադրբեջանական հավելյալ գազի արտահանման, այլև հենց արտահանման գործըթացի հեռանկարը։

Ըստ Պետրոս Թերզյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Եվրամիությանում գազի սպառման նվազում է նկատվում։ Նա նշում է, որ  ներկայում Եվրամիությունում գազի սպառումը 2022-ի փետրվար ամսվա համեմատությամբ նվազել է 24 տոկոսով (շուրջ 100 մլրդ խորանարդ մետր), և դա այն դեպքում, երբ որպես այլընտրանք ռուսական գազը փոխարինելու համար Եվրամիությունը տարեկան 120-130 մլրդ խորանարդ մետր գազի կարիք ուներ։ Հետևաբար՝ ստացվում է, որ այժմ Եվրամիության գազի պահանջարկը կազմում է ընդամենը շուրջ 20-30 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ըստ Petrostrategies ընկերության տնօրենի՝ Եվրամիությունում գազի պահանջարկը նվազել է՝ պայմանավորված խնայողության քաղաքականությամբ, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմամբ, այդ թվում՝ որոշ ատոմակայանների վերագործարկմամբ (օրինակ՝ Ֆրանսիայում)։ 

Սակայն 2022-ի ամռանը Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համաձայնության ստորագրումից ի վեր երկրորդ կարևոր փոփոխությունը Պետրոս Թերզյանը համարում է այն, որ Եվրամիությունը սկսել է տանկերների միջոցով ավելի շատ հեղուկ գազ ներկրել (LNG)։

Թերզյանը, հիմնվելով նաև այլ ուսումնասիրությունների վրա, պնդում է, որ Ադրբեջանն ամենևին չի տիրապետում գազի լայն պաշարների, որքան կարող է երևալ առաջին հայացքից։ Ըստ նրա՝ Ադրբեջանը 10 մլրդ խորանարդ մետր հավելյալ գազ Եվրոպա ուղղելու համար պետք է գազ հայթայթի միանգամից 5-6 հանքավայրից։ Մասնագետի խոսքերով՝ դրա պատճառն այն է, որ անկում է ապրել նավթի արտադրությունը, իսկ դրա անկումը զսպելու համար Ադրբեջանը տարեկան 12-14 մլրդ խորանարդ մետր գազ է «սրսկում» նավթահորերի մեջ։

Նման պայմաններում Ադրբեջանը պարզապես չի տիրապետում կապույտ վառելիքի այնպիսի ծավալների, որպեսզի միաժամանակ ապահովի և՛ ներքին սպառումը, և՛ գազն ուղղի նավթահորեր, և՛ արտահանում ապահովի։ Ըստ Թերզյանի՝ այդ է պատճառը, որ Ադրբեջանը ռուսական գազ է ներկրում (տարեկան 1,5-ից 4 մլրդ խորանարդ մետր)՝ ապահովելու առնվազն ներքին սպառումը, որն օգնում է Ադրբեջանին գազ արտահանել ներկայիս ծավալներով։ 

Ըստ մասնագետի՝ մյուս կարևոր գործոնը, որը մարտահրավեր է ոչ միայն դեպի Եվրամիություն Ադրբեջանի հավելյալ գազի ծավալների արտահանման, այլև ադրբեջանական գազի բավարար չափով առկայության համար, Թուրքիայի գործոնն է։ Թերզյանը մատնանշում է էներգետիկ ոլորտում և Եվրամիություն գազի արտահանման հարցում Ադրբեջան-Թուրքիա «չերևացող» մրցակցության մասին։ Նա համոզված է, որ այդ հարցն արդեն այսօր քննարկման առարկա է երկկողմ շփումներում։

Հարցն է այն է, որ Թուրքիան էներգետիկ ոլորտում դառնում է Ադրբեջանին մրցակից, քանզի իր տարածքում՝ Սաքարիայում, հայտնաբերել է գազի մեծ պաշար (շուրջ 700 մլրդ խորանարդ մետր)։ Թուրքիան արդեն իսկ 4,5 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու շուրջ պայմանագրեր է կնքել եվրոպական պետություններից Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի հետ և հայտարարում է, որ 3-4 տարի հետո իր արտահանման ծավալները կարող է հասցնել շուրջ 15 միլիարդի։ 

Petrostrategies-ի տնօրենն այս համատեքստում ուշադրություն է հրավիրում, որ ներկայում Եվրամիության գազի իրական պահանջարկը շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր է կազմում և ստացվում է, որ Թուրքիան արդեն մի քանի տարի հետո կարող է այդ պահանջարկի էական մասն ապահովել, այնինչ Ադրբեջանը ունի արդեն իսկ լուրջ խնդիրներ սեփական պաշարների բաշխման հարցում։

Ավելին՝ Թուրքիան տարածաշրջանում գազային կապուղիների կենտրոն դառնալու հավակնություն ունի, ինչը թույլ կտա գազ ներկրել այլ պետություններից և այն վաճառել (վերավաճառել) արտաքին շուկա։ Արդեն իսկ այդ հարցում համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Հետևաբար, պնդում է Պետրոս Թերզյանը, Թուրքիան, «գազային հանգույց» դառնալու մտադրություն ունենալով, ամենայն հավանականությամբ, այլևս չի ցանկանա լինել զուտ տարանցիկ պետություն դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխանցման համար, այլ կպնդի, որ ադրբեջանական գազը ինքը՝ Անկարան, վերավաճառի Արևմուտքին սեփական պայմաններով։

Գեորգի Միրզաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում