Գլխավոր Լրահոս

Կառավարությունը քննարկում է եկամտահարկի վերադարձի օրենքից ամբողջությամբ հրաժարվելու հարցը

Կառավարությունը քննարկում է եկամտահարկի վերադարձի օրենքից ամբողջությամբ հրաժարվելու հարցը

2027 թվականից սկսած հիփոթեքային տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձի մեխանիզմը չի գործի մի շարք մարզերում, 2029-ի հունվարի 1-ից՝ բոլոր մարզերում։  Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունն առաջարկում է ֆինանսների նախարարությունը։ Հարցի քննարկումն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում։ 

Ըստ նախագծի՝ եկամտահարկի վերադարձով գույքի ձեռքբերումը 2027-ի հունվարի 1-ից կիրառելի չի լինի Երևանին հարակից Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում։ 2029-ի հունվարի 1-ից բոլոր մարզերում կիրառելի չի լինի հիփոթեքի տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձով գործիքը։ 

Փոփոխությունների մյուս բաղադրիչով կառավարությունը նախատեսում է, որ 2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի չափով վերադարձը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 000 դրամը։

Կառավարության որոշումը այս նիստում սակայն չընդունվեց։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հարցի հետ կապված կան նրբություններ ու խնդիրներ, թե երբ է կառուցապատողին տրվել շինթույլտվություն և այլն։ Նա ասաց՝ հարցը կհանի օրակարգից, որպեսզի շուկան չդեֆորմացվի։ 

Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022-ին 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։ 

2015-2022թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում