Գլխավոր Լրահոս

Պաշտոնյաները խուսափում են պատասխանել՝ ով է «ՄՏՍ Հայաստան»-ի նոր սեփականատերը

Պաշտոնյաները խուսափում են պատասխանել՝ ով է «ՄՏՍ Հայաստան»-ի նոր սեփականատերը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը «չի հիշում», թե ով է Հայաստանում կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի նոր գնորդը։ Այդ մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի  15-ին որոշում ընդունեց համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին։ Գնորդը Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությունն է։ Գործարքով «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ը ձեռք կբերի «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ «Հետք»-ը օրերս ուսումնասիրելով կիպրական ռեգիստրը գրել էր, որ «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի իրական սեփականատերերը հայտնի չեն։ «Ֆեդիլքո գրուպ լիիթեդ»-ն իր հերթին ունի 2 այլ բաժնետեր ընկերություններ՝ «Նոֆալ հոլդինգս լիմիթեդ»-ն ու «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթեդ»-ը։ «Նոֆալ հոլդինգս լիմիթեդ»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերության՝ «Վայմթեդ լիմիթեդ»-ին, որի սեփականատերը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օրսիսն է։ Օրսիսի անվամբ կան գրանցված բազմաթիվ այլ ընկերություններ, ինչը նշանակում է, որ վերջինս ուղղակի իրական շահառուներին թաքցնելու համար ստեղծված անձ է։ 

Բարձր տեխնոլոգիական արդյուաբերության նախարարությունը, ըստ սահմանված ընթացակարգի, պարտավոր է դիրքորոշում հայտնել հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի գործարքի դեպքում։ Ռոբերտ Խաչատրյանն ասաց՝ «հայտը նայել են, գործընկերների հետ ստուգել, տվել թույլտվություն»։ Ո՞վ է «ՄՏՍ Հայաստան»-ի նոր բաժնետեր «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի սեփականատերը, հարցրինք նախարար Խաչատրյանին. «Ես հիմա չեմ հիշի, չեմ կարող ասել»,- պատասխանեց Ռոբերտ Խաչատրյանը։ Ի վերջո ո՞վ է կապի օպերատորի նոր սեփականատերը, պնդեցին լրագրողները, Խաչատրյանն ասաց՝ այո, հայտնի են իրեն նոր սեփականատերերը, բայց ինքը անուն չի հայտնելու։ Ռոբերտ Խաչատրյանն առաջարկեց իրեն գրավոր դիմել այդ հարցով։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի նոր սեփականատիրոջը ծանոթ է այնքանով, որքանով նշված է ՀԾԿՀ ուղարկված հայտում։ Իսկ ո՞վ է «ՄՏՍ Հայաստան»-ի նոր սեփականատերը, հարցրինք ՀԾԿՀ նախագահին. «Դա կոմերցիոն հարց է, երբ գործարքը տեղի ունենա, իրենք պարտավոր են իրական շահառուի հայտարարագիր լրացնել։ Այդ ժամանակ մինչև վերջին ֆիզիկական անձը կտեսնեք։ Այդ ինֆորմացիան կոմերցիոն բնույթ է կրում»,- պատասխանեց Բաղրամյանը։  

Այս տարվա գարնանը ՀԾԿՀ-ն մերժել էր թույլտվություն տալ այս գործարքին՝ հիմնավորելով, որ դրա վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ԱԱԾ-ն ինչ չափանիշներից ելնելով է դիրքորոշում հայտնել։ Նման բացվածք ես չեմ ստանում, թե ԱԱԾ-ն ինչի հետ համաձայն չէր, ենթադրում եմ լրացուցիչ տեղեկություններ են ստացել ու ըստ դրա համարել են, որ կարելի է թույլատրել գործարքը»,- ասաց Բաղրամյանը։ 

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը վերջնականացնելու համար կարիք կա նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) կողմից համապատասխան համակենտրոնացման որոշման։ Գարնանը ՄՊՀ-ն մերժել էր համակենտրոնացման թույլտվություն տրամադրել։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «Սիվիլնեթ»-ին հայտնեց, որ «ՄՏՍ Հայաստան»-ի և «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի համակենրոնացման նոր հայտ են ստացել։ 

«Մենք ստացել ենք նոր հայտ։ Չեմ կարող այլ բան ասել, չեմ կարող պատասխանել՝ կտանք համակենտրոնացման թույլտվություն թե ոչ։ Հայտը կա, ես հանձնաժողովի մեկ անդամ եմ»,- ասաց Գևորգյանը։ 

Ո՞վ է «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի սեփականատերը, հետաքրքրվեցինք Գևորգյանից։ Վերջինս պատասխանեց՝ անունները ունեն, իսկ եթե պարզվի, որ այդ անձինք չեն իրական սեփականատերերը, չեն տա համակենտրոնացման թույլտվություն։ 

«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի հարցը օրակարգում հայտնվեց մոտ 1 տարի առաջ։ Սիվիլնեթը գրել էր, որ ընկերության հավանական գնորդը հայտնի 1xbet բուքմեյքերական ընկերության սեփականատերերն են։ Նրանց է պատկանում նաև «Հայբիզնեսբանկ»-ը։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում