Նախօրեին խորհրդարանում գլխավոր դատախազի միջնորդությունը քվեարկությամբ բավարարելուց հետո բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Նախագահը շատ հստակ ասել է՝ մեղավորները պատժվելու են: Եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմինները, ովքեր այս գործընթացը սկսել են: Վստահեցնում եմ, որ այդ դեպքում անպայման հետևանքներ կլինեն»,– ասել է նա:
Առաջին հայացքից ԱԺ նախագահը անկյուն է մտցնում ՀՀ գլխավոր դատախազին և ստիպում մինչև վերջ կատարել քաղաքական պատվերը, քանի որ հակառակ դեպքում Աղվան Հովսեփյանը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին: Սակայն կարելի է նաև ասել, որ Հովիկ Աբրահամյանը իշխանության համար Վարդան Օսկանյանի «գործով» ապահովում է անվտանգ նահանջի ճանապարհը: Իշխանությունն իջեցված պատվերի շրջանակում այնքան հեռու է գնացել, որ անիվը առանց ցնցումների հետ պտտելը գրեթե անհնար է: Այս գործը արդեն կոնկրետ զոհեր է պահանջում՝ լինի արդարացված, թե ոչ: Եթե քաղաքական իրավիճակն այնպիսի փոփոխություն կրի, որ Օսկանյանի գործի պատվիրատուն ստիպված լինի հետ կանչել պատվերը, ապա վերջնականապես չխայտառակվելու համար ստիպված է լինելու զոհել, ասենք, գլխավոր դատախազին: Առավել ևս, որ իշխանության ներսում որոշակի շրջանակներ մեծ շահագրգռություն են ցուցաբերում, որ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տա պաշտոնին: Եվ այդ շրջանակներն արդեն հասցրել են արտահայտել իրենց դժգոհությունը դատախազի գործողությունների նկատմամբ, բնականաբար՝ մամուլում կազմակերպված արտահոսքի միջոցով:
Սերժ Սարգսյանը, Աղվան Հովեսփյանին խորհրդարան ուղարկելով, փաստացի անհարմար դրության մեջ դրեց թե՛ Բարգավաճին, թե՛ իր Հանրապետականին: Այդ քայլից հետո ԲՀԿ-ի համար կարծես խիստ նվազում են փետրվարին սեփական թեկնածուով հանդես չգալու հնարավորությունները կամ հակառակը՝ խիստ մեծանում են այդ հնարավորությունները: Սա բացառելու համար Սերժ Սարգսյանը այլ տարբերակ, քան դատախազին կամ ԱԱԾ պետին զոհաբերելն է, չի ունենալու:
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը «դաժան վերաբերվեց» կուսակիցներին: Նա նրանց ստիպեց հրապարակայնորեն «փչանալ»: Մյուս կողմից՝ նրանք հասկանում են, որ «Օսկանյանին հանձնելու» արարողությունը կարող է լայնածավալ և կոշտ հակամարտության վերածվել՝ անկանխատեսելի ելքով: Հավանաբար հենց այս հաշվարկով էլ Հովիկ Աբրահամյանը խոստանում է պատժել մեղավորներին, քանի որ ԲՀԿ-ՀՀԿ իրական առճակատման դեպքում Հովիկ Աբրահամյանը հայտնվելու է բավական տհաճ իրավիճակում:











