Հայաստանի կողմից Ռուսաստանին վճարված, բայց այդպես էլ չմատակարարված տեխնիկայի ու սպառազինության հարցում կան խնդիրներ, ու քննարկումներ են ընթանում, թե ինչպես է հնարավոր խնդիրները լուծել․ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նաև խնդիրը լուծելու իր տարբերակն առաջարկեց. «Տարբերակներից մեկը կարող է լինել վճարած գումարների չափով Ռուսաստանին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը, որը տարբերակներից մեկն է, բայց միակ տարբերակը չէ»։ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանն ինքը սպառազինության կարիք ունի, ուստի այս հարցում «աշխատանքային են տրամադրված»։
2022-ի սեպտեմբերի 29–ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։
«Ցավոք, նրանք (Ադրբեջանը՝ խմբ.) որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ չհնչեցնելով որևէ երկրի անուն։
Civilnet











