Հայաստանի ազգային անվտանգային ծառայությունը բացահայտել է հանցավոր խմբի կողմից մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացում խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր։
«Երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ 2023-ի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ից հայտնում են, որ հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
«Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55 000 դոլարին համարժեք 22 մլն դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=DSAB3J0qXLM
Civilnet











