Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական բեռներ տեղափոխող մեքենաների համար

Դեկտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։
Նախարարությունից նշում են, որ խորհրդակցության արդյունքում դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/758185/%d5%ac%d5%a1%d6%80%d5%bd%d5%b8%d5%be-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d6%80-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%b6%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Շուրջ 2 000 հայկական բեռնատար կանգնած էր Լարսի անցակետի մոտ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) նոյեմբերի 29-ին հայտարարել էր, որ 2023-ին արձանագրվել է Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Գերատեսչությունից նշել է, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք։
Civilnet










