Աղվան Հովսեփյանը մեղադրանք է
Սերիական մարդասպանությունն ու գլխավոր դատախազի միջնորդությունը մեկ ընդհանուր բան ունեն՝ դրանք մի հոգու չեն վերաբերում: Երկուսն էլ առանց զոհերի յոլա գնալ չեն կարող: Ինձ հետաքրքիր չէ՝ ճի՞շտ է Աղվան Հովսեփյանը: Ինձ հետաքրքիր է, որ նրա ճշտի նախադեպը չունեմ: Սերիական մարդասպանն էլ չունի ճիշտ կամ ճշտի նախադեպ: Նա սպանում է ըստ իր բնության: Հետո դրա անունը կդնենք ձախողված մանկություն, նժդեհական գրականություն և այլն: Բայց նա սնուցում է իր բնությունն այն «ճշմարտությունով», որն ամենից հեշտ է կպնում իր հոգուն: Հայաստանն այս իմաստով լիքն է սերիական մարդասպաններով:
Վարչապետը մի քանի օր առաջ գնացել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և զարմանքով իմացել, որ հաշմանդամության կարգ ստանալու համար հաշմանդամները «գլխից» մուծում են 15-20 հազար դրամ, որպեսզի նրանց «չբռակավորեն» և առողջ մարդ չներկայացնեն: Դու կոռուպցիայի դեմ պայքարն սկսել ես չորս տարի առաջ ու մի քանի օր առաջ հենց տեղում պարզել, որ վերջին կես տարում դրությունը խայտառակ է: Ու քեզ հաշիվ չես տալիս՝ իսկ ինչո՞ւ էր ամեն ինչ վատ դեռևս չորս տարի առաջ, եթե բացահայտածդ մեկ օրական էլ չկա: Եվ ինչո՞ւ քո բացահայտումից իմ սիրտը չարությամբ չի լցվում նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի հանդեպ, որին տեղում պաշտոնանկ արեցիք: Որովհետև Հայաստանում չարագործները ձեզ են նայում, ոչ թե իրենց սրտի խորքերը, որտեղ, եթե խիղճդ տարածություն չունի, ոչինչ չես գտնի, այնտեղից ուղերձներ չես ստանա: Որովհետև Հայաստանում ցանկացած չինովնիկ տարածություն ունի միայն աչքի համար: Նա ինքն իրենից չի վախենում, վախենում է դատախազից, իսկ դատախազն ընդդիմության հետևից է ընկել: Պարզապես այս դեպքում էլ հասկանում ես, որ դատախազը երբեք չի շրջվի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի կողմը՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են իր աշխատողները հաշմանդամներից գումար կորզել ակնհայտի համար: Չի գա, որովհետև այս գործում կան միայն շահողներ, իսկ զոհերը մեր աչքի մարսելիքն են և ոչ թե նրանց կորցնելիքը:
Դատախազի հրապարակային ցանկացած հայտնություն տագնապ է ծնում, որ կարող է մեղադրվելու քո հերթն էլ գա, որովհետև երբեք չգիտես, թե ում ինչի համար են մեղադրում: Ու երբ ավարտում է ոչ քեզ ուղղված մեղադրանքը, քիչ է մնում շնորհակալ լինես, որ մեղադրվողը կա ու դու չես: Եվ ինչո՞ւ է ամեն ինչ այսպես: Ինչպե՞ս է, որ բոլորը մեղադրանքի ենթակա են՝ բացի գործող իշխանություններից: Սերիական մարդասպանը բնույթով մեղադրող է, նա սոսկ մարդասպան չէ, քանի որ մարդասպանը սպանում է մի անգամ: Եվ նույնիսկ երկու սպանության դեպքում սերիական չէ: Սերիական մարդասպանը ունի մեկ մեղադրանք և հարյուրավոր զոհեր:
Աղվան Հովսեփյանը մեղադրանք է: Ասում եմ՝ կապ չունի, թե ում է մեղադրում՝ արդարին, թե անարդարին: Բայց նրա մեղադրանքի մեջ հավատի աղը չկա: Ի՞նչ է հավատը: Հավատը մտքի տարածությունն է աչքի առաջ: Երբ Աղվան Հովսեփյանը ընդդիմադիր գործչի է որսում, ասենք, փողերի լվացման կամ յուրացման մեղադրանքով, ես գիտեմ, որ դա իմ գործը չէ: Իմ կորած փողերը չեն բացահայտվում, քանի որ ես երբեք էլ չեմ կորցրել բացահայտվածի թեկուզ 0,1 տոկոսը: Բայց ես գլխի եմ ընկնում, որ գլխավոր դատախազը բացահայտելիս ոչ թե պետբյուջեի կողմն է նայում, այլ իր զոհի մարմնից քամվող արյան: Նա մեր աչքի տարածությունն է լցնում, որպեսզի իմանանք, թե ում ենք երկրպագելու: Որովհետև խնդիրն այն չէ, թե ով է մեղադրվողը, այլ այն, թե հանուն ում է մեղադրվում: Գլխավոր դատախազն իրեն հայտնի մեթոդներով իմ քվեն է ուղղորդում: Նա փող բաժանող չէ, բայց իր զոհերով պատմում է նախագահի իր թեկնածուի մասին: Ահա թե ինչ է անում գլխավոր դատախազը, սերիական մեղադրողը, նկարիչն Ապարան աշխարհի…
Թեմա
Մհեր Արշակյան










