Ստարտափներին պետական աջակցություն կտրամադրվի նաև 2024-ին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորաստեղծ ընկերություններին՝ ստարտափներին, պետության կողմից աջակցություն տրամադրելու ծրագիրը կշարունակվի նաև 2024-ին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։
Ստարտափներին կառավարությունը կշարունակի հարկային արտոնություններ տրամադրել, մասնավորապես շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Ծրագրի առաջին տարում՝ 2015-ին հավաստագրվել էր 65 նման ընկերություն, իսկ 2023-ին՝ 1 633 ընկերություն։
«Նշված քայլերը միտված են ՏՏ ոլորտում նոր տնտեսվարող սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Այս տարվա նոյեմբերին «Հետք»-ը գրել էր, որ պետական աջակցության ծրագրերով մի շարք ՏՏ ընկերություններ դրամաշնորհներ էին ստացել պետությունից, ապա լուծարվել կամ դադարեցրել իրենց գործունությունը։ Դատախազությունը հայտնել էր, որ ուսումնասիրում են տեղի ունեցած գործընթացը։
Civilnet










