Հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,4%

2023-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9,4%։ Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։
Այս տարվա 11 ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առևտրի շրջանառությունում՝ 24,3%, շինարարությունում`15,6%, ծառայությունների ոլորտում՝ 11,1%: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2,1%:
Հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 42,4%-ով։ Ընդ որում, արտահանումն աճել է 44,7%-ով, իսկ ներմուծումը՝ 41%-ով: Արտաքին առևտրաշրջանառության աճը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:
Ուշագրավ է, որ 2023-ի նոյեմբերին 2022-ի նոյեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվությունը եղել է 11,2 տոկոս, այսինքն, բարձր աճն արձանագրվել է նախորդ տարվա արդեն բարձր ցուցանիշների համեմատ։
Հատկանշական է նաև, որ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կտրուկ` 23,8%-ով, աճել է արդյունաբերության ոլորտը, որն ըստ Վիճակագրական կոմիտեի, մեծապես պայմանավորված է ոսկերչական իրերի արտադրության ծավալների 13,7 անգամ աճով:
Civilnet










