Գլխավոր Լրահոս

«Կարմիր գծերի» վճարը հունվարի 1-ից կդառնա 160 հազար դրամ

«Կարմիր գծերի» վճարը հունվարի 1-ից կդառնա 160 հազար դրամ

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվեցին տարեկան մինչև 160 000 դրամ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից։

Ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12 000 դրամ է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նշում է, որ «կարմիր գծերի» վճարները բարձրացնելու նպատակը ոչ թե բյուջե հավելյալ միջոցներ ներգրավելն է, այլ քաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար մեքենաների մուտքը սահմանափակելն է։ Ավելին, համայնքային իշխանությունը հավաստիացնում է, որ  փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար  առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է:

Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ էին առաջարկվող փոփոխությանը։ Նրանք ընդգծում են, որ բարձրացումից առաջ նախ պետք է լուծել տրանսպորտի խնդիրը, քանի որ փոփոխության հետևանքով ավելանալու է առանց այդ էլ ծանրաբեռնված տրանսպորտային համակարգի ուղևորահոսքը։ Ընդդիմադիրները նաև վստահ են, որ քաղաքային իշխանության նպատակը բյուջեի մուտքերն ավելացնելն է։ 

Ըստ քաղաքային իշխանությունների՝ փոփոխության արդյունքում «կարմիր գծերից» հաջորդ տարի կարող է հավաքվել 1,350 մլն դրամ։ 2022-ին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե էր մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։

Քաղաքապետարանը 2024-ի համար նախատեսում են ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանել գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևանում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 5 000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ

Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1 000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 2 000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 4 000 դրամ

Մեկ տարվա համար՝ 24 000 դրամ

Երևանում իրականացվում է կոալիցիոն կառավարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից։ Այդ երկու խմբակցություններն ավագանիում միասին ունեն 32 մանդատ։ Մյուս երեք խմբակցությունները՝ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» և «Հանրային ձայնը» ունեն 33 մանդատ և կարող են հարցի քննարկման ժամանակ քվորում չապահովելով՝ տապալել նախագծի քվեարկությունը։ Ինչպես Երևանի քաղաքապետի ընտրության պարագայում, այնպես էլ ներկայում ընդդիմադիր ներկայացող Վարդան Ղուկասյանի՝ Դոգի, ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցությունը դեմ գնաց մյուս ընդդիմադիրներին ու ՔՊ-ի համար ապահովեց քվորում։ 

Ի դեպ, «Ասեք՝ կանենք» կարգախոսով Երևանի ավագանու այս տարվա ընտրություններին հանդես եկած ՔՊ-ի նախընտրական ծրագրում «կարմիր գծերի» թանկացման մասին ոչինչ չկա։ Ընդհակառակը, քաղաքը բեռնաթափելու ուղղությամբ նրանք այլ ծրագիր էին ներկայացրել, մասնավորապես, խոստանում էին շրջանցիկ ճանապարհներ կառուցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում