Կառավարությունը 7 մլրդ աջակցություն կհատկացնի ՏՏ ընկերություններին

Կառավարությունը կշարունակի աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին՝ 7 միլիարդ դրամի չափով։ Անցնող տարում 47 ընկերություններ այս ծրագրով ստացել էին 7,8 մլրդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում։
Այս որոշումն ընդունվեց չզեկուցվող հարցերի շրջանակում։ Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր մի շարք ՏՏ ընկերությունների կողմից պետական դրամաշնորհներ ստանալու և լուծարվելու մասին։ 14 ընկերություններ իրենց գործունեությունը դադարեցրել էին դրամաշնորհը ստանալուց հետո, ևս 4-ը լուծարման գործընթացում էր։
«Որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը, ուստի նախագծի ընդունումը համարվում է խիստ նպատակահարմար»,- որոշման հիմնավորումներում նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ հայտարարելով, թե այս աջակցության ծրագրի արդյունքում ստեղծվել է 5 854 նոր աշխատատեղ։
Ըստ կառավարության՝ աջակցության ծրագրի կարիքը կա, քանի որ ՏՏ կազմակերպությունների մեծ մասը եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, խոչընդոտ է առաջացել կազմակերպությունների զարգացման համար։
Կառավարության կողմից աջակցության այս ծրագիրը ենթադրում է հարկային խոշոր արտոնություններ, մասնավորապես՝ կառավարությունը ՏՏ ընկերություններին, որոշ պայմանների բավարարման դեպքում, հետ է վերադարձնելու վճարված եկամտահարկի 50 տոկոսը։
Civilnet










