Գլխավոր Լրահոս

Վրաստանում դեղագործական ընկերությունները տուգանվել են քաղցկեղի դեղերի կարտելային գներ սահմանելու համար

Վրաստանում դեղագործական ընկերությունները տուգանվել են քաղցկեղի դեղերի կարտելային գներ սահմանելու համար

Շոթա Կինչա, OC Media

Վրացական մի քանի դեղագործական ընկերություն տուգանվել է գրեթե 20 մլն դոլարով՝ «մրցակցությունը համաձայնեցված ձևով սահմանափակելու» և քաղցկեղի դեմ դեղերի գները բարձրացնելու համար։

Ուրբաթ Վրաստանի Ազգային մրցակցության գործակալությունը տուգանել է չորս դեղագործական ընկերությունների՝ Aversi-ին, Gepha-ին, PSP-ին և Mermisi-ին՝ քաղցկեղի բուժման նպատակով պետության տրամադրած դեղերի համար չափից ավելի մեծ գումարներ գանձելու համար:

Գործակալությունը պարզել է, որ ընկերությունների կողմից վաճառվող դեղերի գները «համընկնում են 1 թեթրիի ճշտությամբ»։

Վրաստանի մրցակցային օրենսդրությունն արգելում է «համաձայնեցված գործելակերպը», որն ուղղված է «կանխելու, սահմանափակելու և/կամ խեղաթյուրելու» մրցակցությունը շուկայում՝ «ուղղակի կամ անուղղակի ամրագրելով առքի կամ վաճառքի գները կամ առևտրային որևէ այլ պայման»:

Վրաստանի Ազգային մրցակցության գործակալությունը պնդում է, որ չորս ընկերությունները 2021-ի հունվարից մինչև 2023-ի օգոստոսը միասին աշխատել են և 42 դեղամիջոցի համար բարձր գներ սահմանել։ Ըստ կարգավորող մարմնի՝ իրենք հայտնաբերել են երկու ընկերությունների միջև կարտելային համաձայնագրերի 23 դեպք, երեք բիզնես խմբերի միջև՝ 47, և չորսի միջև՝ 18 դեպք:

Չորս ընկերությունները տուգանվել են 50 մլն լարիով (19,7 մլն դոլար)։ Aversi-ն՝ 14,4 մլն լարի (5,36 մլն դոլար); Gepha-ն 20,3 մլն լարի (7,6 մլն դոլար); PSP-ն՝ 17 մլն լարի (6,36 մլն դոլար) և Mermisi-ն՝ 951 հազ․ լարի (354 հազ․ դոլար):

Գործակալությունը հայտարարել է, որ հետաքննել է մեկ այլ դեղագործական ընկերության՝ SK Impex-ի հնարավոր ներգրավվածությունը սխեմային, սակայն պարզել է, որ ընկերությունը ներգրավված չէ դրանում:

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին դեղագործական ընկերությունների գնային մանիպուլյացիաներն անվանել է «ամոթալի»։

«Հաստատվել է, որ այդ ընկերությունները փորձել են արատավոր մեթոդներ կիրառել ժողովրդի և պետության, ամենածանր հիվանդների դեմ»,- ուրբաթ մամուլի ասուլիսին նշել է Ազարաշվիլին։

Այս ամսվա սկզբին Վրաստանի առողջապահության նախարարությունը մեղադրել էր «դեղագործական ընկերություններին» որոշ դեղամիջոցներ խիստ ուռճացված գներով վաճառելու մեջ՝ դեղերի ներմուծման գնի 1000%-ից մինչև 3000%-ով։

Վրաստանի դեղագործական ընկերությունների ասոցիացիան արձագանքել է նախարարությանը՝ նրան մեղադրելով դեղագործական հատվածի դեմ «զրպարտչական» արշավի մեջ։

Ուրբաթ օրվա հայտարարությունից անմիջապես հետո Ասոցիացիան խոստացել է, որ իր անդամ Aversi-ն, PSP-ն և Mermisi-ն տուգանքները կվիճարկեն դատարանում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում