Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Ամանորի գիշերը հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռը։
«Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց»,- նշվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
Սա անկախությունից ի վեր առաջին դեպքն է, երբ Վեհափառի ելույթը Ամանորի գիշերը չի հեռարձակվի։
Իր ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է՝ 2024-ը դիմավորում ենք խորը մտահոգություններով ու կորուստների անամոքելի ցավով։
«Արցախի բռնազավթման ու հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները, ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենիք ու հավատը առ ամենակալ Տերը»,- ասել Գարեգին Բ-ն։
Նա ասել է՝ հոգածու սիրով պետք է շրջպատենք արցախցի քույրերին ու եղբարներին, որ երբեք չմարի Արցախ վերադարձի տեսիլքը։
Civilnet











