Գլխավոր Լրահոս

2024-ը դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում. Գարեգին Բ

2024-ը դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ նշելով, որ «2024-ը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում»։  Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր Ամանորի գիշերը հեռարձակել այս ուղերձը։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը։

Սիրելիներ, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժ ու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է։ Անտարակույս, մեր ժողովրդի հոգևոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի և հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարև, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության և հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելի տենչանքով: Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին։ «Տերը ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա»,- ասում է սաղմոսերգուն (17.31)։

Արդ, սիրելիներ, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը։ Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանց հանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեզանում։ «Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»,- ինչպես հորդորում է առաքյալը (Հուդա 20-21)։ Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում և մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանուն համազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման։ Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին։ 

Սուրբգրական պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը և մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), և այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի և պետության լինելիության ու հարատևության։ 

Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը և ողջ մարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրո շնորհները և հաղթության պարգևը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր և միշտ և հավիտյան. ամեն:

Բարի, օրհնյալ Նոր տարի»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում