2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։ 2023-ի ինը ամիսներին ևս ՍիիվլՆեթը լուսաբանում էր շրջափակված Արցախի կյանքը ներսից։ Առանձնացրել ենք դրվագներ անցած տարվա լուսանկարներից։
Հունվար, Ստեփանակերտ
Փետրվարին դպրոցներում դաս կար, բայց աշակերտների ներկայությունը գնալով պակասում էր։ Ցրտին գումարվում էր սովը։
Մարտի սկզբին ՍիվիլՆեթի արցախյան թիմն այցելեց Սարսանգի ջրամբար։ Հունվարից սկսած, երբ Ադրբեջանը խաթարեց Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը, Արցախը մնաց սեփական էներգետիկ պաշարների, հիմնականում՝ Սարսանգի ՀԷԿ-ի հույսին։ Սկսվեցին հովհարային անջատումներ։ Ջրամբարից այնքան շատ ջուր էին բաց թողել էլեկտրաէներգիայի արտադրության համար, որ արդեն մարտին այն գրեթե ցամաքել էր։
Մարտի 22-ին շրջափակման 100-րդ օրն էր։ Ստեփանակերտում մարդիկ դուրս էին եկել փողոց։
Մարտին Հայաստան եկավ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նա, ինչպես օտարերկրյա շատուշատ այլ պաշտոնյաներ, գնաց Կոռնիձոր, խրոխտ հայտարարություններ արեց՝ հօգուտ Հայաստանի ու հայերի։ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում էլ ասաց, թե «Արցախում էթնիկ զտումը կարմիր գիծ է Արևմուտքի համար»։
Ապրիլին Արցախում ստորագրահավաք սկսեցին՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» կարգախոսով։
Մայիսին Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրահավաք արեց, իր ծրագրերն էր առաջարկում։ Հետո նա պետք է ասեր, որ Ադրբեջանի հետ «ավտոնոմ ռեսպուբլիկա»-ի հարցն էր քննարկելու։ Գեներալը հետո էլի հանրահավաքներ արեց, բայց նրան իշխանություն այդպես էլ չտվեցին։
Մայիսին Արցախում վերջին զանգը նշեցին։ Շրջանավարտները տխուր էին այս անգամ։ Ակնոցով աղջիկը Անին է՝ այս լուսանկարների հեղինակը։
Հունիսը եկավ։ Հակարիի կամրջի մոտ զինված միջադեպից հետո Ադրբեջանն ամբողջությամբ փակեց միջանցքը։ Արցախում ծայրահեղ վատթարացավ վիճակը՝ հացի, դեղորայքի և ամեն ինչի սուր ճգնաժամ առաջացավ։ Կյանքը գնալով օրհասական էր դառնում։
Հուլիսին Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ համաժողովրդական անժամկետ շարժում են սկսում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր նստավայրի մոտ վրան տեղադրեց ու Փոքր Մհերի պես մտավ այդ վրանը․․․ որ հետո դուրս գա։
Ժողովուրդը գնաց Իվանյան՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր, պահանջեց կատարել ստանձնած պարտավորությունները: Մարդիկ դեռ հավատում էին, որ ռուսներն իրենց փրկելու են։
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ Արայիկ Հարությունյանին ըստ էության պարտադրված հրաժարականից հետո։ Հայաստանյան ու արցախյան որոշ շրջանակներ այնպես էին ոգևորվել, կարծես Նոպոլեոն Բոնապարտն էր վերադարձել Էլբա կղզուց։
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա։ Մայր Հայաստանը կողքից նայում էր, թե ինչ է կատարվում իր զավակի հետ։ Ու սկսվեց գաղթը՝ 1915-ը հիշեցնող պատկերներով։
Տարին (և միգուցե հազարամյակը) Արցախում ավարտվեց երեք ամիս շուտ։
Վերջում դիտե՛ք այս տեսանյութը՝ ՍիվիլՆեթի արցախյան թիմը պատմում և ցուցադրում է այն, ինչ լրահոսի կադրերում չեք տեսել։
Կարեն Հարությունյան
Civilnet











