Գլխավոր Լրահոս

Ընկերներին փրկեց, ինքը հերոսաբար զոհվեց․ Նարեկ Բաղդասարյանի հիշատակին

Ընկերներին փրկեց, ինքը հերոսաբար զոհվեց․ Նարեկ Բաղդասարյանի հիշատակին

Հունվարի 6-ին զինվոր Նարեկ Բաղդասարյանը կդառնար 21 տարեկան։

2023 թվականի մայիսի 12-ին խիզախորեն մարտնչել ու զոհվել է մարտական դիրքում։ 48 օր էր մնացել զորացրվելուն։ 

Պաշտոնական հաղորդագրությամբ՝ «Սոթքում երկու օր շարունակվող սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր զինծառայող։ Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.)»: 

Ընտանիքը, մարտական ընկերները, Գառնի գյուղն այս հունվարին առաջին անգամ Նարեկի ծնունդը նշելու են իր բացակայությամբ՝ հիշելով, գովաբանելով։

«Նարեկը իմ երրորդն էր, երկար սպասված բալիկ էր Նարեկը, ծնվել է 2003 թվականի հունվարի 6–ին, նրա ծնունդով մեծ ուրախություն էինք ապրում։ Շա՜տ սազում էր իր անունը, խելքը, շարժուձևը բնատուր էր։ Համալսարան էր ընդունվել, շատ նպատակներ ուներ, հավանած աղջիկ ուներ․ ես չէի ճանաչում, իր խնդալուց, դեմքի արտահայտությունից էի հասկանում։ Ուրախ, կյանքով լեցուն, ամեն ինչի մեջ լավն էր տեսնում։ Վատ արարք չուներ Նարեկը»,- հիշում է զինվորի մայրը՝ երիտասարդ, զուսպ Սվետլանա Ավետիսյանը։

Ընտանիքը զինվոր տղային վերջին անգամ տեսել էր նախորդ տարվա օգոստոսի 14–ին, երբ միասին գնացել էին Սևան, օգոստոսի 17-ից մինչև մայիս Նարեկը դիրքերից չի իջել։

– Նարեկ ջան, հոգնել եք, ինչո՞ւ չեք իջնում։

– Մամ ջան, ստեղ շատ գործ ունենք, շատ պատասխանատու գործ եմ անում, բոլորիս կյանքը ինձնից է կախված։ 

– Ախր շատ եմ վախենում։ 

– Որ ես ստեղ եմ՝ ինչից ես վախենում, հանգիստ քնիր։

Նարեկ Բաղդասարյանը

Շատ դաժան երկու ձմեռ է անցկացրել, Սոթքի դիտակետից Քարվաճառի ճանապարհն են հսկել, չի բողոքել, չի տրտնջացել՝ «լավ ենք, լավ ենք, ես իմ գործն եմ անում», «ժամանակ չկա, գործ ունեմ անելու»։

Նարեկ Բաղդասարյանը մարտական դիրքում կատարում էր իր առջև դրված մարտական խնդիրը՝ դիտակետից իր ճշգրիտ հաշվարկներով կանխելով թշնամու առաջխաղացումը։

Երկու քույրերի կրտսեր եղբայր Նարեկը սպասված երեխա էր եղել նաև տասնամյա Հայկանուշի և ութ տարեկան Գայանեի համար։ Արդեն ամուսնացած, երեխաներ ունեցող ավագ քույրերը մշտապես մի բան են ասել զինվոր եղբորը ․«Արևս, մի քիչ զգույշ, քեզ բան չի մնացել, պիտի տուն գաս»։ 

Գայանեն հիշում է․ «Մեր երեքից Նարեկն ամենալավն էր սովորում, 12 տարի բարձր առաջադիմությամբ, ամեն ինչից գաղափար ուներ։ Մանկությունից շատ խելացի, իր տարիքի երեխեքից առանձնացող, ամեն ինչի մասին մտածում էր, շատ աշխույժ, շարժուն, անմտածել քայլեր չէր անում։ Պատերազմին անչափահաս էր, 17 տարեկան, շատ անհանգիստ էր, ոգևորված էր մեր հերոսներով։ Ես ասում էի՝ «առաջնագծում ես, Նարեկ ջան, զգույշ եղիր», ինձ  ասում էր՝ «ամեն ինչ լավ է, պիտի ուշադիր լինեմ, որ տղերքի հետ մի բան չլինի»։ Անընդհատ տղայիցս էր հարցնում՝ «Մհերն ի՞նչ է խոսում»։ 

«Նարեկի ու իմ տարբերությունը տասը տարի է, պահել եմ, խնամել եմ, լուսավոր, պայծառ ժպիտ ուներ, կյանքն ուրիշ տեսակ էր սիրում, չի դժգոհել, չի նեղվել։  Երեխեքին շատ էր սիրում, մի բան ասում էին, ուրախանում էր»,- հիշում է ավագ քույրը։

Հայկանուշը զինվոր եղբոր հետ վերջին անգամ խոսել է մայիսի 11–ին։ Այդ օրը բոլորի հետ խոսել էր, գիտեին, որ խառն է, ծառայությանն էր ուշադիր։ Սեպտեմբերի 11-ի հարձակման օրերին Սոթքի հետախուզական վաշտի կապավոր Նարեկը կոորդինատներ էր դիտարկում, որ կանխվեր թշնամու առաջխաղացումը։ Սոթքի սահմանը պոստերով կախված էր իրենց հաշվարկներից։ Մեկ անգամ էլ ասել է ․«Դուք իմ մասին դեռ կլսեք, մենք դաս ենք տալիս թշնամուն, որ ոչ մի անգամ սահմանին չմոտենան։ Լուրերով որ լսեցինք Սոթքում զոհ ունեք, հենց էդ պահին վախեցա, բայց չէի ուզում վախենալ, թե սարսափելի մեկ զոհը Նարեկն է։ Մինչև հիմա մեր հավատը չի գալիս, որ իրեն կորցրինք»,– ասում է ավագ քույրը։ 

Զորամասի հրամանատարի գրությունից․ «Հրետանային մարտկոցի կապի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը բազմիցս խրախուսվել է, մշտապես տիրապետել է իր ֆունկցիոնալ պարտականություններին, ու իր առջև դրված մարտական խնդրին։ Մարտական պարտականությունները կատարել է առանց խախտումների ու գերազանց։ Նարեկը բարձր մակարդակով իրականացրել է հակառակորդի հետախուզություն և ուղղորդել է հրետանու կրակը, ինչի արդյունքում հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը։ Մարտական գործողությունների ժամանակ կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը ապահովել է դիտակետի հուսալի կապը և հայտնաբերած նշանակետերի մասին ժամանակին զեկուցել է ըստ վերադասության, ինչի շնորհիվ հրետանային միջոցները ճիշտ և ժամանակին կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ։ Ցուցաբերած խիզախումի, նվիրումի և անձնազոհության համար պարգևատրվել է ՀՀ կառավարական մեդալով։ Ցավոք, հերոսաբար մարտնչել ու զոհվել է հակառակորդի հերթական հրետանային հարվածից»։ 

Տիկին Սվետլանան հիշում է․ «Վերջին անգամ Նարեկիս հետ խոսել եմ ամսի 10–ին։ Այդ օրը քույրիկի հետ է խոսել՝ ամեն ինչ լավ է, ես ամեն ինչ անում եմ, դուք հետո կլսեք իմ մասին։ Ընկերը պատմել է, որ թշնամու առաջխաղացումը իր հաշվարկներով կանգնեցրել է։ Զոհվելու օրը՝ մայիսի 12–ին, 48 օր էր մնացել զորացրվելուն։ Երկու վիրավորի իջեցրել էր ներքևի բուժկետ, նրանցից մեկը հետո եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկը իր կյանքը փրկել է։ Մորից լավ ոչ ոք չի ճանաչում իր որդուն։ Խիզախ էր, անվախի պես կանգնեց, ոչ կրակից, ոչ պայթյունից հետ չի նահանջել, չի թաքնվել, խիզախորեն կանգնել է, ընկերներն են պատմել։ Ընկերները փրկվեցին, ինքը՝ չէ։ Աջ ու ձախից երեք օր դաժան կռիվ է եղել, ամեն ինչը պայթեցրել են, իր կյանքով, իր արյունով է պահել սահմանը, հանուն մեզ, հանուն խաղաղ օրվա, որ մենք ապրենք»։ 

Հայրենիքի նվիրյալ զինվոր, գառնեցի Նարեկ Նորայրի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով։ Նարեկի հիշատակը վառ պահելու համար մարտական դիրքում հուշաքար է դրվել։

Բաղդասարյանների մեծ ընտանիքում այս ընթացքում երկու երեխա է ծնվել։ 

Այդ ուրախությունը Նարեկը չտեսավ, թեև հավատացնում էր, թե այդ ժամանակ տանն է լինելու, ինչպես չհասցրեց սեպտեմբերի 1-ին իբրև ուսանող համալսարան գնալ․․․

Գայանե Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում