Գլխավոր Լրահոս

ԼՂ-ից տեղահանվածներին պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ

ԼՂ-ից տեղահանվածներին պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ

Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու ծրագրերի իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերը:

 «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ամենակարևոր խնդիրը առաջնային կարիքների և կացարանների  ապահովումն  էր, որից հետո հայտարարեցինք, որ կառավարությունը աջակցության ծրագրերը երեք սկզբունքով պետք է իրականացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվեց 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև  յուրաքանչյուր անձի տրվել է 40 հազար դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն, ինչպես նաև 50 հազար դրամ ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառողական ծախսեր իրականացնելու համար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը, ներկայացնելով իրականացված փոխանցումների պատկերը, նշեց, որ 100 հազար դրամի աջակցություն տրամադրվել է 112 հազար անձի, 40 գումարած 10 հազարական դրամներ հոկտեմբերին ստացել են 104 հազար 27 անձ, նոյեմբեր ամսվա համար՝ 77 հազար 536 անձ, դեկտեմբեր ամսին՝ 82 հազար 266 անձ: 50 հազարական  դրամ  նոյեմբերին  ստացել են 69 հազար 420 անձ, իսկ  դեկտեմբերին՝ 74 հազար 430 անձ: Ընդհանուր առմամբ՝ այս երեք ծրագրերի իրականացման նպատակով  պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, իսկ աջակցող դոնորների միջոցով տրամադրվել է 1,5 մլրդ դրամ:

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում