Գևորգ Թոսունյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը դժգոհություն է առաջացրել ոլորտային հասարակական կազմակերպությունների շրջանում։
ՀԿ-ները մասնավորապես արձանագրել են, որ նախագիծը «խիստ խնդրահարույց է՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում»։ Նրանք առաջարկում են շրջանառությունից հանել այս փաստաթուղթն ու ավելի ընդգրկուն կերպով քննարկել ոլորտային կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։
Հասարակական կազմակերպությունները հատկապես խնդրահարույց էին համարել հետևյալ կարգավորումները.
- տեղեկություն (հանրային տեղեկություն) հասկացության նեղացում. այն սահմանափակվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տվյալներով,
- տեղեկատվություն տնօրինող հասկացության առանց այդ էլ թերի սահմանման ավելի նեղացում,
- որոշ տեղեկություններ տրամադրելու համար ավելի երկար ժամկետների սահմանում,
- սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի՝ միջազգային փորձին անհամապատասխանություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով տեղեկատվություն տրամադրելու առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորման բացակայություն։
Հայտարարության տակ ստորագրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն,
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ, Երևանի և Գորիսի մամուլի ակումբները, «Հանրային լրագրության ակումբ», Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և այլն։
Տեղեկատվական դաշտին առնչվող սահմանափակումներ է, փաստորեն, ցանկանում բերել մի գերատեսչություն, որի ղեկավարին 2023-ի դեկտեմբերի 18-ին իր իսկ թիմակիցները՝ իշխող ուժի պատգամավորները սուր քննադատության էին ենթարկել վատ աշխատանքի, անգամ ոլորտային բարեփոխումները ձախողելու համար։ Ավելին, փաստորեն լրագրողական գործունեությունը և ընդհանրապես տեղեկատվության ազատությունը սահմանափակող նախագիծ է բերում ոլորտի հետ մշտական ու օրգանիկ կապ չունեցող գերատեսչությունը։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ասաց, որ նախագծը բավականին հետընթաց կարգավորումներ ունի տեղեկատվության հասանելիության մասով։
«Նախագծով առաջարկվում է սահմանափակել տեղեկություն հասկացությունը միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տեղեկատվությամբ»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այստեղ տեղեկատվության շրջանակը կտրուկ նեղացվում է՝ պայմանավորվելով կոնկրետ պաշտոնատար անձանց գործառույթներով։
Նա նաև կարծում է, որ տեղեկատվության տնօրինողների մասով ևս հետընթաց է արձանագրվել։ Նախագծով նեղացել է նրանց կողմից տրամադրման ենթակա տեղեկատվության ծավալը։
«Եթե մենք այսօր տեղեկություններ տնօրինողի տակ հասկանում ենք պետական մարմիններին, հիմնարկներին, ՏԻՄ-երին, բյուջեներից ֆինանսավորվող ու հանրային նշանակության կազմակերպություններին՝ առանց վերապահումների, ապա այստեղ ամեն սուբյեկտի մասով մենք ունենք իրենց կողմից տնօրինվող տեղեկատվության ծավալի սահմանափակում։ Այսինքն՝ այն ծավալը, որի մասով տվյալ սուբյեկտը հանդիսանում է տեղեկատվություն տնօրինող և պարտավոր է տրամադրել, արդեն սահմանափակված է։ Օրինակ՝ նույն հանրային ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունները համարվում են տեղեկատվություն տնօրինող՝ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը վերաբերող տեղեկությունների մասով, շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները՝ միայն ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կամ պայմանների վերաբերյալ տեղեկությունների մասով»,- նշեց մեր զրուցակիցը։
Բացի այդ, նախագիծը նախատեսում է նաև լիազոր մարմին, այդ թվում՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից հարցումներին պատասխանելու նկատմամբ հսկողական գործառույթով։ Պետրոսյանի խոսքով՝ տվյալ դեպքում, թեև մարմինը նախատեսված է, չկան դրա անկախության երաշխիքները, որոնք սահմանված են միջազգային չափանիշներով։
Civilnet











