Գլխավոր Լրահոս

Ըստ փոխնախարարի՝ պատվավոր կոչումները պետք է վերացնել, քանի որ «մեծամասնությունը չի ճանաչում»

Ըստ փոխնախարարի՝ պատվավոր կոչումները պետք է վերացնել, քանի որ «մեծամասնությունը չի ճանաչում»

Կառավարությունն առաջարկում է հանել պատվավոր կոչումների ինստիտուտը։ Նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի հերթական նիստին՝ հունվարի 15-ին։ Մասնավորապես, առաջարկվում է հանել հետևյալ կոչումները՝ ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր մարզչի և այլն։

Բացի այդ, գործադիրն առաջարկում է սահմանել միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Պատգամավորների շրջանում միանշանակ չընդունվեց այս առաջարկը։

«Ժողովրդական արտիստները քառասուն հազարական դրամ են ստանում։ Ի՞նչ խնդիր է լուծում պետությունն այս փոփոխությամբ, ուզում եք այդ քառասուն հազարները խնայեք ու տաք այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն, օրինակ՝ հովիվների խրախուսման համար»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը, իսկ նախարարի տեղակալը պարզաբանեց՝ այդ գումարը խնայելով չէ, որ կարող են ոլորտը բարելավել։ Նա նաև ասաց, որ մինչ այդ կոչումներ ստացած անձինք չեն զրկվելու դրանից։

Հարությունյանը նաև նշեց, որ այդ համակարգը ժառանգություն է խորհրդային տարիներից և արդյունավետ չէ։ Նրա խոսքով՝ ներկայում ժողովրդական արտիստներին շատ քչերն են ճանաչում։ Գեղամ Նազարյանն էլ պնդեց, թե պետությունը պետք է խրախուսի արժեք ստեղծող մարդկանց։

«Վերջերս հարցում էին արել՝ Առնո Բաբաջանյանին երտասարդներից ճանաչեց 14 տոկոսը, իսկ մի երգիչ կար՝ Արտաշ Ասատրյան, նրան ճանաչեց 89 տոկոսը։ Հիմա դա չափանի՞շ է, որ Արտաշ Ասատրյանն ավելի մեծ ավանդ ունի, քան Առնո Բաբաջանյանը։ Իհարկե՝ ոչ։ Բա պետության դերը ո՞րն է։ Որ խրախուսի արժեք ստեղծող մարդկանց»,- նշեց Նազարյանը, իսկ  նախարարի տեղակալը նրա հետ համաձայնեց՝ հավելելով, որ այս նպատակով է փոփոխությունը տեղի ունենում։

«Եթե թույլ տաք՝ մի քանի անուն-ազգանուն ընթերցեմ՝ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ․․․ ամենայն հարգանքով նրանց նկատմամբ, կարող էի ցանկը ընդլայնել, բայց չեմ հասցրել։ Որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց։ Ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»,- ամփոփեց կառավարության ներկայացուցիչը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այս ելույթից հետո փոխնախարարին հորդորեց անուններ չհնչեցնել ամբիոնից․ «Այս նախագիծը մարդկանց մասին չէ։ Տիկին փոխնախարար, սկսեցիք այստեղ անուններ թվել, ես առաջին իսկ անունից մնացածին չեմ հասցրել հետևել։ Դուք ասում եք՝ ո՞վ է ճանաչում Նիկոլայ Ծատուրյանին, դահլիճից միանգամից արձագանքեցին, որովհետև անհնար է, որ մարդիկ, որոնք «Մենք ենք մեր սարերը» կամ «Սարոյան եղբայրները» տեսել են, նրան չեն ճանաչում, որովհետև նա այդ ֆիլմերի երկրորդ ռեժիսորն է, ի՞նչ ավանդ ունի նա մեր թատրոնի և կինոյի զարգացման գործում, ես չէ, որ պետք է դատեմ։ Ինչևէ, այս նախագիծը անհատների մասին չէ»,- շեշտեց պատգամավորը։

ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանն էլ ավելի հեռուն գնաց՝ պնդելով, թե այդ կոչումները մարդիկ խորհրդային տարիներին ստացել են, որպեսզի առավելություններ ունենան՝ փոխարենը «պետք է իրենց ճիշտ պահեին երկրի քաղաքականության հարցում, չշեղվեին դրանից, այսինքն՝ ստացել են կոչում և պարտավորված են եղել ծառայություններ մատուցել»։

Պատվավոր կոչումների վերացման թեմային ավելի վաղ անդրադարձել է գրող Հովհաննես Երանյանը։

https://civilnet.am/news/755484/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%b8%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%ba%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%bf%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%af%d5%b8%d5%b9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb/

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում