Իրանական զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Պակիստանում տեղակայված «Ջայշ-ուլ Ադլ» («Արդարության մարտիկներ») խմբավորման դիրքերին, հունվարի 16-ի երեկոյան այդ մասին հայտնել են Tasnim-ը և այլ լրատվամիջոցներ։ Խմբավորումը Իրանում համարվում է ահաբեկչական։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) թիրախավորել է խմբավորման տեղակայման կենտրոն Պակիստանի Բելուջիսթան նահանգը, որը սահմանակից է Իրանին։ Իրանն այդ նահանգից սեփական անվտանգության համար սպառնալիք է տեսնում։
Իրանական լրատվամիջոցներում կարծիք է հնչել, որ «Ջայշ-ուլ Ադլ» խմբավորման դեմ հարվածը պայմանավորված էր նախորդ տարվա դեկտեմբերին Իրանի հարավարևելյան Սիսթան ու Բելուջիսթան նահանգի դեմ հարձակմամբ, որի հետևանքով, ըստ իրանական կողմի՝ մահացել է 11 ոստիկան։
Օրերս ԻՀՊԿ-ն օդային հարվածներ է հասցրել նաև Իրաքյան Քուրդիստանի ու Սիրիայի ուղղությամբ։ Իրանական կողմը հայտնում է, որ առաջին դեպքում Թեհրանը թիրախավորել է Էրբիլ քաղաքի իսրայելական Մոսադի շտաբը, իսկ երկրորդ հարձակմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը, որը ստանձնել է հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։
Civilnet











