Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին կան ավելի քան 200 փակ մարտական դիրքեր․ հունվարի 17-ին խորհրդարանում այդ մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ամենօրյա ռեժիմով դրանք բացվում են, բայց եղանակային պատճառներով դրանք մշտապես փակման ենթակա են՝ բքի ու ձնահյուսերի պատճառով։ Կան նաև դժվար հասանելի ուղղություններ։ Շուրջ մեկ տասնյակ դիրքեր էլ, որտեղ ամեն տեսակի եղանակային պայմանների դեպքում հնարավոր չէ հասնել»,- բացատրեց Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքներին։
Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Մանուչարյանի մարմինը հայտնաբերվել է ձնահյուսի տակից։ Այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սուրեն Պապիկյանն ասաց՝ Մանուչարյանի դեպքի հիմքում կա նաև պարտականությունները պատշաճ կատարելու թերացումեր. «Չի կարող սա չունենալ պատասխանատուներ։ Միայն կարող եմ ասել՝ ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից այդ օրերի համար եղել են գրավոր հանձնարարականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնել»,- հայտարարեց նախարարը։
Civilnet











