Գլխավոր Լրահոս

Սահմանադրության փոփոխության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը չէ, վստահեցնում է Միրզոյանը

Սահմանադրության փոփոխության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը չէ, վստահեցնում է Միրզոյանը

Չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է։ Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին։

«Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել (Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին – խմբ․) և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։

Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է․ «Անշուշտ չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։ Այս առումով մեր սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- նշել է նա։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ խաղաղության գործընթացի արգելակման պատճառը Սահմանադրությունը չէ։

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։ Ընդդիմադիրների համոզմամբ, իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում