Գլխավոր Լրահոս

Դպրոցների հիմնանորոգման աշխատանքները՝ համատարած թերություններով

Դպրոցների հիմնանորոգման աշխատանքները՝ համատարած թերություններով

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մեծ Մանթաշ համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են համատարած թերություններով հիմնանորոգման աշխատանքներ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Դպրոցում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականի հուլիսին, իսկ կապալառուն եղել է «Փարվանա մոնտաժ» ՍՊԸ-ն, որը 2012-ին վերանվանվել է «Ն.Մ.Oհանյան» ՍՊԸ-ի:

Դպրոցի հիմնանորոգման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 479,4 մլն դրամ, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվել է 2012-ի նոյեմբերին: «Կապալառուն, որը շինաշխատանքներն արդեն դադարեցրել է, 2012-ի 6-րդ ամսվա դրությամբ հանձնել է 273,7 մլն դրամի կատարողական և դրա դիմաց ստացել 286 մլն դրամ: Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են 207 մլն դրամի խախտումներ, թերություններ և ոչ նպատակային անարդյունավետ ծախսեր:

Դպրոցի մասնաշենքերի արտաքին պատերի, խարիսխների և կրող կոնստրուկցիաների վրա առկա են թափված քարեր, երկաթբետոնյա ամրանները տեղ-տեղ քայքայվել են, նկուղում բետոնյա սյուների, պատերի հիմքերը և հիմնահատակը գտնվում է գերխոնավ վիճակում»,- նշել է Սոնա Ղարիբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության կողմից դպրոցի մասնաշենքերի տեխնիկական վիճակը գնահատվել է երրորդ աստիճանի անբավարար, հետևաբար շենքը ենթակա է ուժեղացման, մանրամասն ուսումնասիության, այդ թվում երկրաբանական: Ի դեպ, Սոնա Ղարիբյանը տեղեկացրել է, որ դպրոցի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերում վերը նշված փաստերի մասով որևէ միջոցառում նախատեսված չի եղել:

«Դպրոցի չորս մասնաշենքերում գրեթե ավարտվել են հարդարման աշխատանքները, որոնց ծավալը կազմում է 165 մլն դրամ: Եթե հաշվի առնենք, որ բացահայտված թերությունները համատարած են ու դեռևս պետք է իրականացվեն ամրացման միջոցառումներ, ապա այդ մասնաշենքերի վրա կատարված ծախսերը կդառնան անիմաստ և ոչ նպատակային»,- նշել է ՀՀ ֆիանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետը:

Սոնա Ղարիբյանը տեղեկացրել է, որ Մասիսի թիվ հինգ դպրոցում ևս ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նմանատիպ խնդիրներ: Դպրոցի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 212,1 մլն դրամ: Տրված կատարողականի դիմաց արձանագրվել են 80 մլն դրամի խախտումներ, թերություններ և ոչ նպատակային անարդյունավետ ծախսեր:

Վարչապետ Սարգսյանին զեկուցվել է նաև, որ կատարված խախտումների վերաբերյալ նախագծողներից, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններից որևէ ահազանգ կամ բացասական գնահատական երբևէ չի ստացվել:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է արձանագրված բոլոր նյութերն անհապաղ հանձնել դատախազությանը և գործերը հասցնել իրենց տրամաբանական ավարտին: «Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողները, նախագծերի հեղինակները և խախտումներ թույլ տված բոլոր անձինք պետք է կրեն խիստ պատասխանատվություն: Պետությանը պատճառվել է առավել մեծ չափերի վնաս, այն էլ սուրբ օջախի՝ դպրոցի կառուցման պարագայում»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է վերը նշված երկու գործերն էլ դարձնել հրապարակային, որպեսզի բոլոր շինարարական կազմակերպություններն իմանան, որ նման մոտեցումների դեպքում կրելու են խիստ պատիժներ: Կառավարության ղեկավարը պահանջել է պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների մասին:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում