Գլխավոր Լրահոս

Տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանում

Տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ նախորդ տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)՝ վճարած մոտ 71 միլիարդ դրամ հարկերով։ Պղնձամոլիբդենայինի վճարած հարկերի չափը 2022-ի համեմատ նվազել են գրեթե 50 տոկոսով։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022-ին ԶՊՄԿ-ն քրեական գործի շրջանակում էր մեծ գումար վերականգնել բյուջե, ինչպես նաև պետության կողմից սահմանվել էր արտահանման տուրք, իսկ միջազգային շուկաներում պղնձի գինն աճել էր։

2023-ի երկրորդ ամենամեծ հարկատուն «Գրանդ տոբակո»-ն է՝ վճարած 55 միլիարդ դրամ հարկերով։ Ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող այս ընկերությունը 22 տոկոսով ավելացրել է հարկերը։ 

Անցած տարվա երրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է։ Գազամատակարարմամբ զբաղվող ընկերությունը վճարել է 48,5 միլիարդի չափով հարկեր։ 

1000 խոշոր հարկատուների հնգյակում են հայտնվել նաև կենցաղային տեխնիկայի ու էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններ։ Դրանցից «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որ զբաղվում է բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով, նախորդ տարի 2,5 անգամ ավելացրել է հարկերը՝ 17,5 միլիարդից դարձնելով 46,1 միլիարդ։ Այն, որ դեպի Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանմամբ զբաղվող ընկերությունների հարկային եկամուտները էականորեն աճել են, ակնհայտ էր դեռ 2022-ից։ 

«Փրիթի ուեյ» ընկերությունը, որն ավելի հայտնի է որպես «Վեստա» խանութների ցանց, 2023-ին բյուջե է վճարել 33,3 միլիարդ հարկեր՝ 2022-ի համեմատ 4 անգամ ավելի շատ։ Սա եզակի դեպքերից է, երբ տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով զբաղվող ընկերություններն իրենց հարկերի ծավալով հայտնվում են 1000 խոշոր հարկատուների հնգյակում։ Որպես կանոն առաջին հնգյակում իրենց կայուն դիրքն ունեն հանքարդյունաբերական, ծխախոտագորածական ընկերությունները։ 

2023-ի 6-րդ հարկատուն է դարձել «Վայլդբերրիս» էլեկտրոնային առևտրի ռուսական հարթակը։ Ընկերությունը 26,5 միլիարդ հարկեր է վճարել՝ 2022-ի 761 միլիոն դրամի համեմատ (34 անգամ ավելի շատ)։ Վճարած հարկերի ծավալով 7-րդ տեղում է «Ամերիաբանկ»-ը. բանկի վճարած հարկերը կազմում են 25,7 միլիարդ դրամ, այնինչ 2022-ին այդ թիվը 8,1 միլիարդ դրամ էր։ 8-րդ խոշոր հարկատուն ևս բանկ է՝ «Արդշինբանկ»-ը, որը վճարել է 24,9 միլիարդ դրամ հարկեր։ 

Շուրջ 3,7 միլիարդ դրամով 2023-ին հարկերն ավելացրել է վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող CPS ընկերությունը, որը վճարել է ավելի քան 23,7 միլիարդ դրամ հարկեր։ 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ջեյ թի այ» ընկերությունը, որ զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով։ «Ջեյ թի այ»-ը վճարել է 22,7 միլիարդ հարկեր՝ 2022-ի 17 միլիարդի փոխարեն։ 

1000 խոշոր հարկատուների թոփ տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ վճարած 22 միլիարդ դրամ հարկերով։ 

Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուները 2023-ին վճարել են 1,710 տրիլիոն դրամի չափով հարկեր, որն ավելի քան 220 միլիարդով ավելի է 2023-ի ցուցանիշից։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում