Մոտ ժամանակներս Թուրքիան հնարավոր է՝ միանա ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող սանկցիաներին և հրաժարվի իրանական նավթի ներմուծումից: Իրանի փոխարեն Թուրքիան նավթ կներմուծի Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Rbc.ru-ն:
Ներկայում այս մասին բանակցություններ են ընթանում թուրքական կառավարության և Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմիի միջև, որը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:
Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծման ծավալները դեռ չեն հրապարակվում: Նշենք, որ Թուրքիան Իրանից տարեկան շուրջ 8 մլն տոննա նավթ է ներմուծում:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ նավթ ներմուծելու շուրջ բանակցություններ Թուրքիան վարում էր Լիբիայի և Ռուսաստանի հետ:
Թուրքիայի կողմից նավթի ներմուծման ծավալների կրճատումը կամ լրիվ հրաժարումը կապված է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հետ: ԱՄՆ-ը և ՄԱԳԱՏԷ-ն Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը չի ընդունում մեղադրանքը:
Civilnet











