Հունվարի 28-ին Ստամբուլում կիրակնօրյա պատարագի ժամանակ հարձակման է ենթարկվել Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցին, որի հետևանքով մահացել է մեկ մարդ և վիրավորվել մի քանիսը։ Թուրքիայում հարձակման համար մեղադրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։
Ստամբուլում բնակվող հրապարակախոս, գրող Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում հարձակումը պայմանավորում է միջազգային զարգացումներով՝ հատկապես իսրայելա-պաղեստինյան ճգնաժամով, բայց նաև կապում Թուրքիայի վարած քաղաքականության հետ։ Քոփթաշը կարծում է, որ դրանով «Իսլամական պետություն» կազմակերպությունը փորձում է Իսրայելի՝ Գազայում վարած գործողություններին միջազգային հնչեղություն հաղորդել կամ Թուրքիային դրդել ավելի գործուն քայլերի Իսրայելի դեմ։
Ըստ Քոփթաշի՝ Թուրքիան հռետորաբանության մակարդակում դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում, սակայն չի դադարեցնում առևտրային կապերը նրա հետ, հատկապես ռազմավարական ապրանքների ոլորտում։
Քոփթաշը նկատում է, որ իսրայելա-պաղեստինյան խնդրով պայմանավորված՝ «Իսլամական պետությունը» սպառնացել էր հատուկ գործողություններ իրականացնել քրիստոնեական կամ էլ հրեական սրբատեղիների դեմ, և այդ համատեքստում այս անգամ թիրախավորել է Թուրքիայի տարածքը։ Հրապարակախոսը մտավախություն է հայտնում, որ նման գործողությունները կարող են վախի մթնոլորտ առաջացնել Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների շրջանում, ինչը կդրդի նրանց ավելի պարփակվելու։
Ռոբեր Քոփթաշն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների քաղաքականությանը փոքրամասնությունների համայնքների նկատմամբ։ Ըստ նրա՝ անցել են ժամանակները, երբ Թուրքիայի կառավարությունն ազգային փոքրամասնություններին վտանգ էր համարում։ Հիմա, ըստ Քոփթաշի, թուրքական իշխանությունները հետաքրքրված չեն այդ համայնքների ավելի թուլացմամբ, քանզի դրանք խաղաքարտ են Անկարայի համար։
Քոփթաշն ակնարկում է, որ ոչ մահմեդական փոքրամասնությունների գոյությունը Թուրքիայի համար գործիք է՝ պատեհ առիթի ցույց տալու սեփական երկրում առկա բազմամշակութային շերտերը, և ինչու չէ՝ այդ գործոնն օգտագործելու անգամ միջպետական հարաբերություններում։
Ռոբեր Քոփթաշի հետ զրուցել է Գեորգի Միրզաբեկյանը
Civilnet











