Փետրվարի 5-ին Նոր Արեշում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող և հարևանութամբ բնակվող տների բնակիչներ: Ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության: Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27–րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում: Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը»,- ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Փետրվարի 05-ին Ոստիկանությունը հաղորդել էր Նոր Արեշ թաղամասում պայթյունի հետևանքով մի քանի տների փլուզման մասին։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից դուրս էին բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ․ ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ․ ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս էին բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ․ ծնված Գայանե Եղոյանի դիերը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Civilnet











