ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 8-ին որոշել է ուժը կորցրած ճանաչել ռուսաստանյան «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվային համակարգին մասնակցության համար տրված բոլոր թույլտվությունները:
ԿԲ հաղորդագրության համաձայն` բանկի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, առանց որևէ պատճառաբանության, բազմիցս չի ապահովել ՀՀ տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:
ԿԲ-ն գրություններ է ուղղել «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, որոնցով տեղեկացրել է համակարգով որոշ հայաստանյան առևտրային բանկերի մասնաճյուղերի չսպասարկման մասին և առաջարկել է անհապաղ ապահովել Համակարգի մասնակից բանկերի բոլոր տարածքային ստորաբաժանումների սպասարկման հնարավորությունը:
Գրությամբ նաև նախազգուշացվել է, որ հակառակ պարագայում` ՀՀ ԿԲ-ն որոշում կընդունի հայաստանյան բանկերի` համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
Սակայն մինչ օրս համակարգի մասնակից հայաստանյան բանկերի որոշ տարածքային ստորաբաժանումներ զրկված են «Զոլոտայա Կորոնա» համակարգի միջոցով փոխանցումներ իրականացնելու հնարավորությունից:
Նշենք, որ «Զոլոտայա Կորոնան» մտնում է Ռուսաստանի «Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն» խմբի մեջ: Այս համակարգը 2003-ից ապահովում է դրամական փոխանցումների իրականացում` առանց հաշիվ բացելու:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերին ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած էր ճանաչել նաև «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցելու վերաբերյալ տված թույլտվությունները։
Ավելի ուշ` սեպտեմբերի 24-ին, ԿԲ խորհուրդը փոփոխություններ էր կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցում, որոնցով ավելացնում է իր իրավասությունների շրջանակը, թե որ դեպքում կարող է կորցրած ճանաչվել վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։ ԿԲ պահանջների տրամաբանության հիմքում այն է, որ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերը գործեն նաև Լեռնային Ղարաբաղում:
Civilnet











