Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփվեցին Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները

Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփվեցին Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները

Փետրվարի 21-ին՝ Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի օրը, նրա և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Փարիզի Պանթեոնում։ Արարողությանը ներկա էր Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Արարողության օրը Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանին ընդունելու առթիվ Մակրոնը հայերեն գրառում է արել X-ի իր էջում։

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»։

Փարիզի Պանթեոնում ամփոփված են 81 մեծանուն գործիչներ, նրանց թվում՝ Վիկտոր Հյուգոն, Վոլտերը, Էմիլ Զոլան, Ժան Մոնեն և այլք։

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում և մեծարում են որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և անվախ մարտիկներից մեկը: Նա ծնվել է 1906-ին Օսմանյան կայսրությունում, վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Ծնողներն սպանվել են կոտորածների ընթացքում, ինքը և եղբայրը կարողացել են փրկվել և հասնել Ֆրանսիա։

Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկը։ 1933-ին Մանուշյանը միացել է ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը։ Երբ գերմանացիները ներխուժել են Ֆրանսիա, Մանուշյանն իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ 1943-ի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, ավելի ուշ դարձել «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատարը։

1943-ի աշնանը ֆաշիստներին հաջողվել է գտնել անվախ ընդհատակյա մարտիկների հետքը, և 1943-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանն ու նրա ընկերները ձերբակալվել են և երեք ամիս անց գնդակահարվել։

Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի:

1946 թվականին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որն այնուհետև թարգմանվել և հրատարակվել է Երևանում։ 

2014-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում բացվեց Մանուշյանի անվան պուրակը: Երևանում նաև գործում է Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում