Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում․ Մակրոն

Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 21-ին Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչպես նաև ապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը։ Մակրոնը նաև նշել է, որ «Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»:

«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր: Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում»,- հայտարարել է Մակրոնը։

Նա հիշեցրել է, որ 2022-ին Պրահայում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, բայց «անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը»:

«Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար: Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնը կարծում է, որ Հարավային Կովկասի հաղորդակցական ուղիները պետք է լինեն «ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման»: Այս համատեքստում նա ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

«Մենք կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա: Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում