Ռուսաստանը կդիմի Հայաստանին՝ պարզաբանումներ ստանալու ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու հայտարարության վերաբերյալ։ Այդ մասին «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դրա հետ կապված (ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու – խմբ․) հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապ հաստատել և հստակեցնել այդ հայտարարությունների նշանակությունը»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ նման իրավիճակում շատ կարևոր է հասկանալ բոլոր մանրամասները: Կրեմլի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «հայ ընկերներն ամեն ինչ կպարզաբանեն»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված է»:
Հայտարարության մասին ավելի մանրամասն՝ այստեղ։
***
2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։
2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։
Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։
Civilnet











