Խանի հայերենը
Կուսակցությունն Ավանի 1-ին ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է առաջադրում Աստված գիտի, թե ում, իսկ երկրի փաստացի ղեկավարը Ջերմուկում դեռ զարմանում է, որ «մարդիկ դեռևս հիասթափված են»։ Հաճախ մեր կամ հարևան շենքերի մարդիկ ինձ ասում են. «Զգո՞ւմ ես՝ պրեզիդենտն ուզում է գործ անի»։ Ես հիմա ավելի ու ավելի քիչ եմ արձագանքում մարդկանց դժգոհություններին ու հիացմունքներին, ինչի մասին էլ որ դրանք լինեն։
Իմ ծանոթներից մեկը 4-րդ զանգվածի սուպերմարկետից միայն մեկ նրբերշիկ է գնում։ Իրեն չի կարող թույլ տալ խանի ապրելակերպ։ Նա ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Հարցնում եմ՝ ո՞ւմ համար է այդ նրբերշիկը։ Ասում է՝ իմ, «կինս ու երեխաս կսպասեն»։ 40 տարեկան մարդ է։ Նա վերջին ընտրություններում մեր տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձն էր, հիմա էլ ՀՀԿ-ական է։ Հիշում է, որ «ահագին փող տվեցին»՝ 20 հազար դրամ։ Իսկ տեղամասում ՀՀԿ-ն ԲՀԿ-ին պարտվեց մոտ 150 ձայնի տարբերությամբ։ Ահա ինչու այս մարդու համար ինքնին մեկ նրբերշիկը մանրուք է, առջևում նախագահի ընտրություններ են, և նա մի քանի կիլոգրամ նրբերշիկի փող է աշխատելու, սպասողները դժգոհ չեն մնա։ Միայն թե չմտածեն, որ նրբերշիկ գնում են կա՛մ երեք հատ, կա՛մ ընդհանրապես չեն գնում։ Քարը տրաքի, կարելի է մեկ հատ նրբերշիկ գնել բակի կատվի համար։ Ինքն իր համար բացառել է «պրեզիդենտի» և իր նրբերշիկի կապը, կապը ի հայտ է գալիս, երբ նա ՀՀԿ ներկայացուցիչն է ՏԸՀ-ում, և 20 հազար դրամն անխուսափելի է։ Այսինքն՝ կապը կա, երբ կա 20 հազար դրամը։ Եվ երբ «պրեզիդենտը» գյուղապետներին մեղադրում է խանական վարվեցողության մեջ, իմ վերոհիշյալ ծանոթը չի կասկածում, որ միշտ էլ վատ է եղել։ Բայց ահա շաբաթ օրվանից վստահ է, որ լավ է լինելու։ Այսինքն՝ նա «պրեզիդենտի» սահուն, ինքն իրեն հաշիվ չտվող դժգոհությունների մեջ է, չի կարողանում դրանք կողքից նայել ու մտածել՝ առնվազն, անկախությունից ի վեր այդ վիճակն է, ինչո՞ւ է հիմա խոսում այդ մարդը։
2007-ից երկրի փաստացի տերն է, ինչո՞ւ է որոշել գյուղապետներին տեղը դնել։ Իմ ծանոթն իր 20 հազար դրամի տերն է, ու ես էլ, եթե անկեղծ լինենք, ինչ-որ իմաստով պատրաստ եմ ամեն ինչ անել, որ մնա այդ 20 հազարի տերը, որովհետև երկրի համար այդ մարդը կորած է։ Բոլոր գյուղապետները երկրի համար կորած են, նրանք իսկապես խանական վարվեցողություն ունեն, բայց նրանք միակ խաները չեն։ Երբ «պրեզիդենտը» նրանց մեղադրում է բնակիչների հետ խանական վարվեցողության մեջ, առնվազն 7-8 հեռուստաընկերություն ձայնագրում է այդ խոսքերը, կամ, եթե ներկա չէ, տրամադրում են, հեռարձակում է։ Որևէ մեկի մտքով չի՞ անցնում անմիջապես վազել, ասենք, Արարատի մարզ ու փորձել հասկանալ՝ ինչու են նրանց մեղադրում խանական վարվեցողության մեջ։ Որովհետև հեռուստալրատվամիջոցներին տրված չէ վիճարկելու Խանին։
Մի առիթով ասել եմ, որ մեր իշխանություններին շատ բան կարելի է ներել, չի կարելի ներել սոսկ այն, թե ինչեր են դուրս տալիս հայոց լեզվով։ Որովհետև եթե դու ասում ես, որ ուրիշի խանությունը չես հանդուրժում, դու այն հանդուրժում ես հոգով, սրտով և մենթալիտետով: Կարծեմ՝ դու էիր ասել, որ եվրոպացիները մեր մենթալիտետը չեն հասկանա։ Բայց դու հենց հայոց լեզվով ես ասում, որ չես հանդուրժում, հայոց լեզվով է, որ չես ընկալում բառի իրական իմաստը, հայոց լեզվով է, որ մխիթարում ես այդ նույն գյուղապետներին, թե ձեզ ոչինչ չի պատահի, դուք միայն նախագահի ընտրություններին ամեն գնով ապահովեք իմ հաղթանակը։ Հետո այդ նույն հայոց լեզուն շրջանառվում է մնացած բոլոր կիսասոված բերաններում՝ դառնալով միտք և կենսակերպ։ Որովհետև եթե որևէ գյուղապետ ի բնե համր լիներ, դու նրան թույլ չէիր տա պաշտոն զբաղեցնել։ Որովհետև երբ դու խանությունը սակարկում ես, սակարկում ես քո առջև համրացածին, բայց եթե նա համրանա իր բնակչի առջև, անմիջապես գրողի ծոցը կուղարկես։ Այնպես որ՝ գյուղապետներին հանգիստ թող և միայն մեկ անգամ նայիր քո փեսայի կողմը։ Ինչպե՞ս է մաքուր հայերենում կոչվում բոլոր հեռուստաընկերությունների սեփականատեր լինելը։ Եթե դա քեզ ոչինչ չասի, լրիվ հռետորական մի հարց՝ իսկ ինչպե՞ս է կոչվում հանուն իշխանության տասը հոգու սպանություն թույլ տալը և հետո հայտարարելը. «Եթե տասը հոգի չսպանվեր, զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել»։ Սա էլ հո Խանի հայերեն է։
Թեմա
Մհեր Արշակյան










