Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մրցակից Բորիս Նադեժդինի օգտին նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հետո Վրաստանում բնակվող երկու ռուս քաղաքական ակտիվիստի արգելվել է կրկին մուտք գործել երկիր:
Թբիլիսիում գործող «Ֆրեյմ» ռուսաստանյան քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Մաքսիմ Իվանցովը երկուշաբթի հայտարարել է, որ իրեն արգելել են մուտք գործել Վրաստան։ Ռուսական «Դոժդ» անկախ հեռուստաալիքին նա ասել է, որ երկուշաբթի Վիլնյուսից էր մեկնել Վրաստան:
Նա հայտարարել է, որ Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը վատ է վերաբերվել իր հետ և սպառնացել է արտաքսել Ռուսաստան։
«Ես չորս տարբեր ոստիկանների հետ մի քանի անգամ խոսեցի այն մասին, որ ապաստան եմ խնդրում, մեկը թուղթ ու գրիչ խնդրեց՝ խնդրագիր գրելու համար: Նրանք ծիծաղում էին ինձ վրա և 20 անգամ սպառնացին ինձ ուղարկել Մոսկվա: Ասում էին, որ ես Ռուսաստանի և Վրաստանի թշնամին եմ»,- Facebook-ում գրել է նա։
Իվանցովը, որը երեք տարի ապրել է Թբիլիսիում, համոզված է, որ Վրաստանից իր արտաքսումը կապված է իր կազմակերպության արշավի հետ, որը ստորագրահավաք էր կազմակերպել քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինին Ռուսաստանի գալիք ընտրություններում նախագահի թեկնածու գրանցելու համար։
Իվանցովը պնդել է, որ վրացի սահմանապահները մերժել են փաստաբանի հետ խոսելու իր խնդրանքը և հրաժարվել են բացատրել, թե ինչու են իրեն արգելում մուտք գործել Վրաստան։
«Ինձ մի թուղթ տվեցին, որտեղ ասվում էր, որ ինձ ներս չեն թողնում: Ես կարծում էի, որ նման դեպքերում ավանդաբար նշվում է «այլ պատճառներ», սակայն այդ պատճառը թղթին գրված չէր»,- ասել է նա։
Նույն օրը Իվանցովին ուղարկել են Հունգարիա։ Նա ասել է, որ օդանավակայանում իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքի և Վրաստանի իշխանությունների կողմից երկիր վերադառնալու մերժում ստանալու դեմ պատրաստվում է բողոք ներկայացնել։
OC Media-ն դիմել է Վրաստանի Ներքին գործերի նախարարություն՝ Իվանցովի արտաքսման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:
Հարավային Կովկասում «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի տնօրեն Եգոր Կուրոպտևը կիրակի հայտնել է, որ «անցած շաբաթվա ընթացքում» երկու ակտիվիստի արգելվել է մուտք գործել երկիր։ Նրանցից մեկը, ինչպես ավելի ուշ պարզվել է, Իվանցովն է։
Կուրոպտևը նշել է, որ երկու ակտիվիստներն էլ ստորագրություններ էին հավաքում Ռուսաստանում նախագահի թեկնածուի համար՝ հավանաբար, նկատի ունենալով Նադեժդինին։
Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի խիստ քննադատներից է: ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա թեկնածությունը չի գրանցել՝ պատճառաբանելով, թե բավարար թվով ստորագրություններ չի հավաքել։
2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր հազարավոր ռուսներ լքել են երկիրը, որպեսզի խուսափեն քաղաքական բռնաճնշումներից, տնտեսական խնդիրներից և զորակոչից։
Դրանից հետո Վրաստանն արգելել է մի քանի ռուս ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների մուտքը երկիր:
Կուրոպտևն ասել է, որ անցած շաբաթ Վրաստանի կողմից երկու ակտիվիստի արտաքսումը «կարող է ուղղակի վտանգ ներկայացնել այն ռուսների համար, որոնք քաղաքական հետապնդումների պատճառով ստիպված են տարհանվել Ռուսաստանի տարածքից»:
«Վրաստանի իշխանությունների այսպիսի գործողությունները կարող են դիտվել ոչ միայն որպես նրանց իրավունքների խախտում, ովքեր քաղաքական դրդապատճառներով զրկվել են հնարավորությունից՝ վերադառնալու երկիր, որը մի քանի տարի իրենց միակ տունն է եղել, այլ նաև որպես քաղաքական ճնշում ցանկացած մարդու և խմբերի նկատմամբ, որոնք չեն կիսում Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը և ինչ-որ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»,- հայտարարել է նա։
Civilnet











