Կառավարությունը պայքարում է կառուցապատման ոլորտի «հրաշքների» դեմ

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստը մեկնարկեց կառուցապատման ոլորտում «հրաշքների» կանխման նախագծի քննարկումով։ Այս որակումը տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը, որը հարակից զեկուցողի կարգավիճակով ներկայացնում էր կառավարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Օրենսդրական փաթեթը, որում նաև կան վարչական պատասխանատվության մասին դրույթներ, քննարկվում է առաջին ընթերցմամբ։
«Տեսեք՝ ինչ խնդիր է լուծում այս օրենքը․ դիցուկ քաղաքացին նորակառույց շենքում ձեռք է բերում իրավունքի վկայական և նախատեսված է, որ պետք է կառուցվի տասը հարկանի շենք։ Բայց ձեռքբերումից հետո ինչ-որ հրաշքով ավելանում են հարկերն ու շենքը դառնում է 14 հարկանի։ Այստեղ խախտվում են քաղաքացու իրավունքները։ Այս նախագծով կանխվում են այդպիսի երևույթները»,- ասաց նախագծի հարակից զեկուցողը։
Նա նաև հիշեցրեց, որ շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը, օրինակ՝ նկուղները, խաղահրապարակը և այլն, բաժանվում է բնակարան ձեռք բերողների միջև։ Այստեղ էլ, ըստ պատգամավորի, «թաքնված է շան գլուխը»։
«Երբ շենքի հարկերն ավելանում են, ավելանում է նաև բնակիչների քանակը, և այդ ընդհանուր բաժնեմասը պետք է բաժանվի ոչ թե, օրինակ, 30, այլ 40 հոգու միջև։ Այս օրենքն ընդունելուց հետո առանց բնակիչների թույլտվության կառուցապատողը չի կարող ավելացնել հարկերի քանակը»,- ամփոփեց Թումասյանը։
Civilnet










