Տեղ համայնքի հատվածում ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը, նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
«Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահեստատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Ավելի վաղ ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Տեղ գյուղի հատվածում սահմանը հատել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Նրանցից մեկը գերեվարվել է և գտնվում է Գորիսում, մյուսը դիմել է փախուստի։ ԱԱԾ-ն երկրորդ զինծառայողի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդում։
Civilnet











