Գլխավոր Լրահոս

Հայաստանի համար գազի գինը առնվազն ութ տարի կմնա նույնը․ փոխնախարար

Հայաստանի համար գազի գինը առնվազն ութ տարի կմնա նույնը․ փոխնախարար

Մեծ շանսեր կան, որ Հայաստանի համար գազի սակագինը առնվազն ևս ութ տարի չի փոխվի։ Այդ մասին մարտի 11-ին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Հայաստանում հինգ տարի է՝ գազի գինը կայուն է։ Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս ութ տարի գազի գինը կմնա նույնը, եթե աշխարհաքաղաքական ու շուկայական շատ մեծ փոփոխություններ տեղի չունենան։ Իհարկե, եթե աշխարհում գազի շուկայական գինը դառնա կայուն 3 000 դոլար, ապա Հայաստանում դժվար կլինի այն պահել 165 դոլարի մակարդակում: Մենք տեսանք, որ մեկ տարի գազը միջազգային շուկաներում 2000-3000 դոլար արժեր, Հայաստանում պահպանվում էր։ Մեր աշխատանքը ուղղված է հենց դրան, որ ամեն հնարավորություն օգտագործենք, որպեսզի գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի, եթե այդպիսի ազդակներ կլինեն աշխարհում»,- ասել է Վարդանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ գազ մատակարարողների «իրավիճակային լուծումներից» խուսափելու համար Հայաստանը կողմ է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը․ «Եթե բոլորի համար սկզբունքները նույնը լինեն, այդ ժամանակ շատ ավելի դժվար կլինի իրավիճակային լուծումներ տալ գազի ընդանուր շուկայում»։

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան, սակայն, մինչև 2027-ը չի ձևավորվի՝ կոնսենսուսի բացակայության պատճառով: «ԵԱՏՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների գործնական կիրառումը նախատեսվում էր սկսել 2025-ին, սակայն այս պահին ԵԱՏՄ ներսում քննարկվում է այդ նախագծի հետաձգումը։ Կարծում եմ, որ այն հետաձգվելու է մինչև 2027 թվականը: Օրինակ՝ գազի ընդհանուր շուկայի հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց շուրջ միության անդամ երկրները կոնսենսուս չունեն»,- ասել է Հակոբ Վարդանյանը։

Ըստ նրա՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցում երկու հիմնական խնդիր կա։ Գազ արդյունահանողները կարծում են, որ պետք է լինի երկու գին` ներքին սպառման և արտահանման համար, իսկ երկկողմ պայմանագրերը պետք է շարունակեն գործել ընդհանուր շուկային զուգահեռ։

«Մեկը գազի գնի ձևավոման սկզբունքներն են, որ այն բոլորի համար լինի նույնը։ Ռուսաստանն ու Ղազախստանը` որպես գազ ունեցող երկիր, դեմ են այդ մոտեցմանը և կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները այլ պետք է լինեն։ ՌԴ-ն ու Ղազախստանը նաև կարծում են, որ երկկողմ պայմանագրերը պետք է շարունակեն գործել։ Օրինակ` մեր պայմանագիրը ՌԴ-ի հետ մինչև 2043 թվականն է։ Մենք կարծում ենք, որ հնարավոր չէ՝ գազի ընդհանուր շուկային զուգահեռ գործեն նաև երկկողմ պայմանագրերը»,- ասել է փոխնախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում