Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան և «Մթավարի Արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան հայտարարել են, որ քաղաքական նոր կուսակցություն են հիմնում՝ «Ահալի» (Նոր):
Հայտարարելով կուսակցության ստեղծման մասին՝ Գվարամիան ասել է, որ իր և Մելիայի հիմնած կուսակցությունը «նոր մեթոդներով» կպայքարի հանուն Վրաստանում փոփոխությունների։
«Մենք կփոխենք, քանի որ գիտենք, թե ինչպես պայքարել, գիտենք բարեխղճության գինը, գիտենք հայրենիքին ծառայելու գինը, գիտենք ինչպես հաղթահարել դժվարությունները և ինչպես արձագանքել մարտահրավերներին»,- երկուշաբթի կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասել է Գվարամիան։
Բացատրելով կուսակցության տարբերանշանի գույները՝ Գվարամիան ասել է, որ կանաչը նշանակում է նորություն և նոր սկիզբ, նարնջագույնը՝ էներգիա, առաջընթաց և հույս, իսկ սպիտակը՝ մաքրություն, անմեղություն և երջանկություն։
«Ահալի»-ն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի չորրորդ համարի ներքո։
Գվարամիան ընդգծել է, որ կուսակցությունը «միայն առաջ կգնա» և «հետ չի նայի»։ Կուսակցության երկու համահիմնադիրներն էլ ժամանակին եղել են «Միացյալ ազգային շարժման» պատգամավորներ և պետական պաշտոններ զբաղեցրել։ Գվարամիան 2007-ից 2009 թվականներին եղել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալը, արդարադատության նախարար և կրթության նախարար:
Մելիան ասել է, որ կուսակցության հիմնումը տեղի է ունեցել նրա համահիմնադիրների միջև երեք ամիս տևած քննարկումներից հետո։ Նա նույնպես նշել է, որ կուսակցությունը նպատակ ունի հեռու մնալ անցյալից:
«Ապագան է մեր ընդհանուր նպատակը, հաղթանակն է մեր ընդհանուր նպատակը, ոչ թե վրեժը,- ասել է Մելիան,- Նորարարությունն է մեր նպատակը, մեր նպատակը նոր բան գտնելն է, ոչ թե անցյալի հետ հաշտվելը»:
Երկուսն էլ նշել են, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մոտ ապագայում, իսկ Գվարամիան ասել է, որ այն գուցե անցկացվի ապրիլին։
Ակնկալվում է, որ Գվարամիան և Մելիան կլինեն կուսակցության համանախագահները, սակայն «Մթավարի Արխի» հեռուստաընկերության հիմնադիրը հայտարարել է, որ կուսակցության քաղխորհուրդը կունենա առաջնային որոշումներ կայացնելու իրավունք և ավելացրել, որ խորհրդի նախագահը դեռ ընտրված չէ:
Ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ ընդդիմադիր քաղաքական գործիչները կուսակցության հիմնման մասին հայտարարությունից հետո դեռ մեկնաբանություններ չեն արել։
Կուսակցության շնորհանդեսից մի քանի ժամ առաջ «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Անա Ցիտլիձեն հայտարարել է, որ «12 տարի ոչ մեկի մոտ չի ստացվել կլոնավորել» իրենց կուսակցությունը և որ ինքը չի կարծում, թե «Ահալի»-ն կնվազեցնի «Միացյալ ազգային շարժման» ձայները։
«Միացյալ ազգային շարժման» նոր պառակտում
Նիկա Մելիան 2020-ից մինչև 2022-ը զբաղեցրել է «Միացյալ ազգային շարժման» նախագահի պաշտոնը և մեկ տարի անց քվեարկության արդյունքում ստիպված եղավ թողնել կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այն ժամանակվա լուրերի համաձայն՝ դա մասամբ կապված էր կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի հետ Մելիայի ունեցած խնդիրների հետ։ Սաակաշվիլին դատապարտվել է 2020-ին և այդ պահից իր պատիժն է կրում Վրաստանում։
2023-ի դեկտեմբերին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռանալուց հետո Մելիան հայտարարեց, որ կստեղծի իր քաղաքական կուսակցությունը։
Դրան հաջորդած ամիսների ընթացքում հանրային մակարդակով ենթադրություններ են արվել Մելիայի ծրագրերի վերաբերյալ, թե արդյոք նա մտադիր է կուսակցություն ստեղծել, ում հետ և արդյոք մտադիր է մասնակցել 2024-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններին:
«Միացյալ ազգային շարժում»-ից Մելիայի դուրս գալուց հետո կուսակցությունը լքեցին հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը բացահայտ հայտարարեց, որ մտադիր է աշխատել Նիկա Մելիայի հետ:
Գվարամիան 2023-ի դեկտեմբերին հայտարարեց, որ քաղաքական խումբ կստեղծի, իսկ փետրվարին հայտարարեց, որ «Մթավարի Արխի»-ում ունեցած իր բաժնետոմսերը կփոխանցի կնոջը, քանի որ հեռուստաալիքում բաժնետոմսեր ունենալը «անհամատեղելի կլինի կուսակցական պաշտոնի հետ, որը ես կզբաղեցնեմ երկրում առաջիկա օրերին»։
2022-ի մայիսին Գվարամիան դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և յուրացումների մեղադրանքով: Ձերբակալությունը լայնորեն դատապարտվեց որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող որոշում, իսկ 2023-ի հունիսին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհեց Գվարամիային։
Civilnet











