Գլխավոր Լրահոս

Հայաստանի ատոմակայանը ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Փաշինյան

Հայաստանի ատոմակայանը ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Փաշինյան

Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը։ Այդ մասին մարտի 21-ին Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը: 2023-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

«Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար: Ատոմային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման մեր թափանցիկ ու բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել մեր ջանքերը, քանի որ մենք ուսումնասիրում ենք առաջադեմ միջուկային տեխնոլոգիաները` մեր միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգության, արդյունավետության և բնապահպանական հավատարմագրման հետագա լավարկման նպատակով»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը միջուկային էներգիայի ողջ ներուժը իրացնելու և դրա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում․ «Ցավոք, ամբողջ աշխարհում շարունակվող հակամարտությունները, ներառյալ մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին հակամարտությունները, ոչ միայն վտանգում են միջուկային օբյեկտների անվտանգությունը, այլև խոչընդոտում են խաղաղ միջուկային նախաձեռնությունների առաջխաղացմանը»։

«Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում և ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Ահա թե ինչու Հայաստանն այն 22 երկրների թվում էր, որոնք լիովին աջակցեցին «Միջուկային էներգիայի մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությանը» 2023-ի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28): Մենք նաև հպարտությամբ միացել ենք COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը: Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը»,- հայտարարել է վարչապետը։

Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը (2023-ին՝ 32 տոկոսը) բաժին է ընկնում Մեծամորի ատոմակայանին։ Ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976-ին (1-ին էներգաբլոկը): 1980-ին շահագործվել է 2-րդ էներգաբլոկը։ 1989-ի փետրվարին և մարտին դադարեցվել է աշխատանքը։ 1995-ին վերաբացվել է 2-րդ էներգաբլոկը։ 1-ին էներգաբլոկը 1988-ի երկրաշարժից հետո մինչ այսօր չի շահագործվում։

2003-ից ատոմակայանը շահագործում էր ռուսական «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ-ն՝ «գույք պարտքի դիմաց» պայմանագրի համաձայն։ 2012-ին ընկերությունը դիմել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պայմանագրի վաղաժամկետ լուծման խնդրանքով, որից հետո կառավարումն անցել է «Ռոսատոմ» ընկերությանը: Ատոմակայանի միջուկային վառելիքը՝ ուրանը, ևս ներկրվում է Ռուսաստանից:

https://civilnet.am/news/765729/%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd-%d5%a3%d5%a1%d5%a6-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4-%d6%87-%d5%bb%d5%b8%d6%82%d6%80%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում