Ուրուգվայում բացվել է Հայաստանի դեսպանությունը

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Օմար Պագանինիի մասնակցությամբ մարտի 21-ին կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։
«Պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։ Եվ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է ՀՀ պետական դրոշը»,- իր ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։
Միջոցառմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին, Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։
Civilnet










