«Վարդան Օսկանյանի հանդեպ այս գործընթացը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների վրա, ուղղակի Հայաստանն այս գործընթացի հետևանքով դրսից անընդհատ չափալախներ է ստանալու»,– նախօրեին նման կարծիք էր հայտնել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործի մասին:
Արծվիկ Մինասյանի այս կանխատեսումը ընդամենը մեկ օր հետո իրականություն դարձավ: Հայաստանի իշխանություններին երեկ առաջին «չափալախը» տվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը իր վիդեոբլոգում հատուկ հայտարարությամբ ներկայացրեց ԱՄՆ-ի դիրքորոշումը Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք առաջադրելու կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»:
Նախ հայտարարության գրավոր տեքստը ուղեկցվում է դեսպանի խոսքի վիդոտեսագրությամբ, որից կարելի է ենթադրել նաև, որ Միացյալ Նահանգները առանձնակի ուշադրություն է դարձնում այս գործին: Փաստացի, պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանի իշխանություններին բացահայտ մեղադրում է իշխանական ռեսուրսները չարաշահելու և օրենքը որպես քաղաքական մահակ կիրառելու մեջ: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը այս կամ այն հարցում ուղենշային է Եվրոպայի համար, ապա կարելի է չկասկածել, որ հաջորդ «չափալախը» իշխանությունների հասցեին գալու է Բրյուսելից և եվրոպական այլ մայրաքաղաքներից:
Ներկա իրավիճակում կարելի է արձանագրել, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի նկատմամբ դատապարտվում են թե՛ միջազգային հանրության և թե՛ Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնության կողմից: Այս պարագայում անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանը արտաքին և ներքին զրոյական լեգիտիմության ինչ ընթացք կարող է տալ Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործին:
Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ այս «գործը» իշխանությունների հերթական ձախողումներից մեկն է, որոնք անպակաս են Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում:
Չափալախ առաջին
Թեմա











