Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։
Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։
Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի ընտրությունների կարևորությունը, ինչպես նաև անդրադառնում քրդական ձայների նշանակությանը։
Քոփթաշը նախ և առաջ նկատում է, որ Ստամբուլի ընտրությունները կարևոր են տնտեսության և ժողովրդագրության տեսանկյունից, որտեղ բնակվում է ամբողջ երկրի բնակչության շուրջ մեկ վեցերորդը։
Սակայն բանախոսը գլխավոր նշանակությունը համարում է քաղաքական գործոնը, նշելով, որ Ստամբուլում կայանալիք ընտրությունները վեր են քաղաքապետի մրցապաքարից և կարող են վճռել երկրի ապագայի հարցը։ Ըստ Քոփթաշի՝ Իմամօղլուն միակ թեկնածուն է, որ կարող է պայքարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2028-ին սպասվող նախագահական ընտրություններում և իրական շանսեր ունի, հետևաբար՝ քաղաքապետի պաշտոնում Իմամօղլուի վերընտրությունը՝ գործող իշխանությանը լուրջ ձեռնոց կնետի։
Ստամբուլի կարևորության մասին շատ լավ գիտակցում են Թուրքիայի իշխող կուսակցությունում, որն արտահայտվում է այդ քաղաքում նախատեսվող բազմաթիվ քարոզարշավներով․ Քոփթաշը նկատում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Էրդողանը միայն Ստամբուլում պետք է այցելեր 39 թաղամաս։
Անդրադառնալով իշխող թևի քաղաքապետի թեկնածուին՝ Քուրումին, հրապարակախոսը նկատում է, որ նա առանձնապես մեծ հեղինակություն չունի ժողովորդի շրջանում, ուստի ինչ-որ տեղ Էրդողանն է ներկայացնում իրենց առաջադրած թեկնածուին։ Այդ իսկ պատճառով, Ստամբուլի քաղաքետի ընտրությունը անուղղակի վերածվում է Իմամօղլու-Էրդողան պայքարի, նշում է Քոփթաշը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի այլ քաղաքներում ու շրջաններում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ապա Քոփթաշը համարում է, որ ի տարբերություն Ստամբուլ քաղաքի, Իզմիրում ու Անկարայում դժվար թե անակնկալներ լինեն, քանի որ այնտեղ ժողովրդահանրապետականների դիրքերը բավական ամուր են։
Նա ուշադրություն է հրավիրում այլ շրջաններին, նշելով, որ հետաքրքիր պատկեր կարող է ստեղծվել քրդաբնակ կամ Արևմտյան Հայաստանի շրջաններում։ Ըստ նրա՝ այդ շրջանների բնակչության մեծամասնությունը ամենայն հավանականությամբ կքվեարկի քրդամետ՝ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարություն» կուսակցության (DEM Party) օգտին, սակայն միաժամանակ ընդգծում է, որ գործող իշխանությունները նախկինում քրդերի քվեների ստացած կառավարիչներին փոխարինել են սեփական տեղապահներով, ուստի հրապարակախոսը մտավախություն է հայտնում, որ այդ պատկերը ապագայում կարող է կրկնվել։
Քոփթաշը սակայն շեշտադրում է, որ քրդական քվեների դերը ահռելի մեծ է Ստամբուլի ընտրություններում, համարելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը միայն այդ քվեների շնորհիվ կարող են ընտրվել, ուստի այժմ քրդերին սիրաշահելու քաղաքականություն է ընթանում։ Քոփթաշն այն կարծիքին է, որ քրդերն ամենայն հավանականությամբ իրենց ձայնը կտան ընդդիմության թեկնածուին՝ գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Civilnet











